երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները. պաշտպան

Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները. պաշտպան

Հայաստանի ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ շարունակվում են ապօրինությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչ Վարուժան Ավետիքյանը:     

՛՛Պարզվում է, մինչ օրենքի հիման վրա դատարանի կողմից հայցը վարույթ ընդունելու ուժով կասեցվել է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը, Պաշտպանության նախարարը արձակել է ՀՀ նախագահի ԿԱՍԵՑՎԱԾ հրամանագրի կատարումն ապահովող հրաման:

Հաշվի առնելով սա, վաղը (մարտի 17) ժամը 14:30-ին Վարչական դատարան ենք մուտք անելու այս գործով նոր փաստաթղթեր, որոնք ուղղված կլինեն ապօրինությունները վերացնելուն: Բոլոր լրատվամիջոցներին նույն ժամին հրավիրում եմ Վարչական դատարանի մուտքի մոտ (Գ. Նժդեհի 23), որտեղ կտամ կատարված ապօրինությունների մասին հրապարակային պարզաբանումներ:

Հ.Գ. Այս հայտարարությունն արվում է որպես գեներալ Խաչատրյանի այս գործով շահերի ներկայացուցիչ՛՛,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը վարույթ էր ընդունել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի դիմումը:

Տիրան Խաչատրյանը դատարան էր դիմել մարտի 3-ին՝ իրեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ Նախագահի 24.02.2021թ. թիվ ՆՀ-25-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով:

Նախնական դատական նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին:

Նշենք, որ «Իսկանդերի» մասին մեկնաբանությունից հետո Նիկոլ Փաշինյանը նախագահին առաջարկել էր պաշտոնից ազատել Տիրան Խաչատրյանին, որը և նախագահը ստորագրել էր:

  • Կիսվել: