հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տերմինալ թալանողները բռնվել են դեպքի վայրում. երեքն էլ եղել են Շիրակի մարզից

Տերմինալ թալանողները բռնվել են դեպքի վայրում. երեքն էլ եղել են Շիրակի մարզից

Oրեր առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները դեպքի վայրում բռնել են հանցագործություն կատարող անձանց։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ապրիլի 18-ին Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք Զաքյան փողոցի 10 հասցեում գործող տերմինալից փորձում են ինչ-որ բան հանել, և մինչ այդ հանցագործություն կատարող անձանցից մեկը նմանատիպ գործողություններ է կատարել տերմինալից հանելով գումար։

4-րդ գումարտակի պարեկները ժամը 03։40-ի սահմաններում մոտենում են նշված հասցե և այնտեղից հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Մուշեղ Կ․-ին, 35-ամյա Աշոտ Գ․-ին և 22-ամյա Մենուա Ն․-ին։

Կայքի տեղեկություններով՝ նրանք եղել են վերջինիս վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով։ Մենուա Ն․-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ ընդհանուր՝ 18 սմ երկարության, շեղբինը՝ 8 սմ և 1255 հատ 10 ՌԴ ռուբլի մետաղադրամ, Մուշեղ Կ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 392 հատ 10 ՌԴ ռուբլի մետաղադրամ, իսկ Աշոտ Գ.-ի անձնական խուզարկությամբ՝ 728 հատ 10 ՌԴ ռուբլի արժողությամբ մետաղադրամ:

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: