ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թալանել են Քիքբոքսինգի չեմպիոնի ընտանիքի խանութը․ գողությունը նկարահանվել է, վնասի չափը՝ 8 մլն դրամ

Թալանել են Քիքբոքսինգի չեմպիոնի ընտանիքի խանութը․ գողությունը նկարահանվել է, վնասի չափը՝ 8 մլն դրամ

Հունվարի 22-ին խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 1/54 հասցեում գտնվող համակարգչային խաղասրահի դուռը կոտրել են և, հնարավոր է, այնտեղից գողություն է կատարվել, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։30-ից մինչև 10։40-ն ընկած ժամանակահատվածում 4 քաղաքացիներ՝ բժշկական դիմակով դեմքերը փակած, տեխնիկակակ միջոցների գործադրմամբ բացել են «Քոֆֆի քլաբի» հարևանությամբ գործող համակարգչային խաղասրահի դուռը, իջել նկուղային հարկ, կոտրել խաղասրահի մուտքի դուռը և այնտեղից հափշտակել 5 հատ «PS-5» մոդելի խաղային համակարգիչ, 5 հատ «Sony PlayStation», 4 հատ «JVS» մոդելի հեռուստացույց և դիմել փախուստի։

Ըստ աղբյուրի՝ գողություն կատարողները, տեսնելով, որ հեռուստացույցներից մեկը չեն կարողանում տանել, խփում և կոտրում են այն, սենյակում որոշ իրեր էլ տակնուվրա են անում։

Աղբյուրը հայտնում է նաև, որ նշված համակարգչային խաղասրահը պատկանում է Քիքբոքսինգի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Ռոման Քալաշյանին, և որ նրա ընտանիքին պատճառվել է մոտ 8 մլն դրամի վնաս։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ աղբյուրի՝ գողության ընթացքը տեսանկարահանվել է, մնում է ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեն գողերին և գողոնը։

  • Կիսվել: