ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սպանություն՝ Մյասնիկյան փողոցում, ըստ նախնական տվյալների, սպանվածը Հոլանդիայի քաղաքացի է․նախաձեռնվել է քրեական վարույթ

Սպանություն՝ Մյասնիկյան փողոցում, ըստ նախնական տվյալների, սպանվածը Հոլանդիայի քաղաքացի է․նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քրննություն է իրականացվում՝ բացահայտելու ապրիլի 30-ին Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցում կատարված սպանությունը։
 
Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ 2023 թվականի ապրիլի 30-ին` ուշ երեկոյան, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի շենքերից մեկի մուտքի դիմաց արնահոսող, անգիտակից վիճակում, գետնին ընկած տղամարդ կա, ով չի շնչում։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում 2023թ․ մայիսի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին և 335-րդ հոդվածի 1-ին մասերով նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նշված շենքի շքամուտքի մոտ հայտնաբերվել է արական սեռի, գլխի շրջանում առերևույթ հրազենային վնասվածքով տղամարդու դիակ։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, ով հանդիսանում է նույն շենքի բնակիչ, վերջինս, ըստ նախնական տվյալների, Հոլանդիայի քաղաքացի է։
 
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու հատ պարկուճ, շքամուտքի դռան վրայից առերևույթ հրազենային զենքից կրակված գնդակի բեկոր, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ:
Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ։
 
Դեպքի առթիվ առաջ են քաշվել մի շարք վարկածներ, որոնց շուրջ իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական, վարույթային և քննչական գործողություններ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի բոլոր միջոցները՝ դեպքի հանգամանքները, հանցագործություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
 
Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: