հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սպանել էր ծանոթին, դին թաքցրել հանրային լողափի ճանապարհին, պարտքը տալու համար հափշտակել 12 մլն դրամ

Սպանել էր ծանոթին, դին թաքցրել հանրային լողափի ճանապարհին, պարտքը տալու համար հափշտակել 12 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչն իր ունեցած պարտքերը մարելու համար տարադրամի փոխանակմամբ զբաղվող իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի 56-ամյա բնակչի մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու նպատակով նրան սպանելու դիտավորությամբ, 2022թ ապրիլի 4-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շուկայի մոտակայքում հանդիպել է վերջինիս։ Որոշ ժամանակ անց 25-ամյա երիտասարդի «OPEL ZAFIRA 1.6» մակնիշի ավտոմեքենայով նրանք գնացել են դեպի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող չգործող մարզադաշտի հարակից հատված։ Հանցավոր մտադրությունն իրագործելով՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդն ապօրինի իր մոտ պահած սառը զենք հանդիսացող որսորդական դանակով ավտոմեքենայի սրահում հարձակվել է տղամարդու վրա և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, դեմքի շրջանների բազմաթիվ կտրած-ծակած թափանցող և չթափանցող մարմնական վնասվածքներ։ Ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է:

Դրանից հետո երիտասարդը հափշտակել է սպանվածի մոտ առկա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 12.466.000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ՀՀ թղթադրամներ, հանել նրա հագուստները և դիակը թաքցրել է Մարտունի քաղաքից դեպի հանրային լողափ տանող ճանապարհի՝ Հ.Հարությունյան փողոցի աջակողմյան անտառամերձ հատվածում գտնվող ծառերի մեջ։ Սպանությունից կարճ ժամանակ անց հափշտակված գումարի մի մասով նա մարել է ունեցած պարտքերի մի մասը:

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա  բնակչին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: