շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սնանկության դատարանի դատավորների թիվը կրճատվեց 3-ով, փոխարենը ավելացավ Երեւանի եւ Կոտայքի մարզի դատավորների թիվը

Սնանկության դատարանի դատավորների թիվը կրճատվեց 3-ով, փոխարենը ավելացավ Երեւանի եւ Կոտայքի մարզի դատավորների թիվը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը կրճատելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի և ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը:

ԲԴԽ-ն 26.06.2023թ. նիստում կայացրել է արձանագրային որոշում՝ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը 3-ով կրճատելու, և կրճատված դատավորների թվի հաշվին՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը՝ 2-ով, իսկ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների թվակազմը՝ 1-ով ավելացնելու վերաբերյալ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկով եւ ՀՀ նախագահի հրամանագրերով Սնանկության դատարանի թվով 3 դատավորներ նշանակվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ։

Սնանկության դատարանի նախագահի գրությամբ ԲԴԽ-ին առաջարկվել է քննարկել Սնանկության դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով կրճատելու և նշված դատարանի դատավորների ընդհանուր թվակազմը 13-ը դարձնելու հարցը։

Բացի այդ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահի գրությամբ տեղեկացվել է, որ դատավորների գերծանրաբեռնվածությամբ պայմանավորված, անհնարին է դառնում դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործերի քննության իրականացումը: ԲԴԽ-ին առաջարկվել է քննարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմն առնվազն 2 դատավորով ավելացնելու հնարավորության հարցը։

Նմանատիպ գրությամբ դիմել է նաեւ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը:

  • Կիսվել: