երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սնանկության դատարանի դատավորների թիվը 1-ով կրճատվեց, իսկ Երեւանի առաջին ատյանի դատավորների թիվը 1-ով ավելացավ

Սնանկության դատարանի դատավորների թիվը 1-ով կրճատվեց, իսկ Երեւանի առաջին ատյանի դատավորների թիվը 1-ով ավելացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 2-ի նիստում հմաձայնություն տվեց ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմը կրճատելու և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սնանկության դատարանի նախագահը սեպտեմբերի 22-ին ԲԴԽ-ին առաջարկել է քննարկել Սնանկության դատարանի դատավորների թվակազմը 1 դատավորով կրճատելու և նշված դատարանի դատավորների ընդհանուր թվակազմը 12-ը դարձնելու հարցը։

Մյուս կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահը սեպտեմբերի 22-ին ԲԴԽ-ին տեղեկացրել է տվյալ դատարանի դատավորների գերծանրաբեռնվածության և դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործերի քննության իրականացման անհնարինության վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ առաջարկվել է քննարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմն առնվազն 1 դատավորով ավելացնելու հնարավորության հարցը։

ԲԴԽ-ն որոշել է Սնանկության դատարանի դատավորների թվակազմը 1-ով կրճատել և դրա հաշվին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը 1-ով ավելացնել։

Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել դատարանում քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը, գործերի բաշխման համաչափության ողջամիտ հարաբերակցության ապահովումը:

  • Կիսվել: