հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Շվեյցարիայից պատասխանել են Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ի ուղարկած քննչական պահանջին

Շվեյցարիայից պատասխանել են Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ի ուղարկած քննչական պահանջին

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գործով Շվեյցարիա ուղարկված քննչական պահանջի վերաբերյալ պատասխան: Այս մասին «Հետք»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Իրավապահ համակարգում «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ստացված պատասխանում առկա են տեղեկություններ Պողոսյանին պատկանող ընկերությունների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ:

ՀՔԾ-ն, բացի Շվեյցարիայից պատասխան ստանալու մասին տեղեկությունից, այս պահին որևէ այլ տվյալ չի հայտնում:

Հիշեցնենք՝ «Հետքը», մասնակցելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին, 2016թ. ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննությունը և ներկայացրել, որ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը Պանամայում գրանցած ընկերությունների միջոցով իր պաշտոնն օգտագործել է սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցրել եկամուտները:

Համաձայն նախագծի շրջանակներում գաղտնազերծված փաստաթղթերի՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» ընկերությունները Շվեյցարիայի LGT Bank (Suise) SA բանկում հաշվեհամար են բացել, որոնց առնչվող բոլոր փաստաթղթերի և հենց բանկային հաշվեհամարների կառավարման/ստորագրման իրավասու միակ անձը Միհրան Պողոսյանն է եղել։

Հետաքննության հրապարակումից հետո Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե ինքը LCT BANK (Suise) SA բանկում հաշվեհամար չունի: Միհրան Պողոսյանի օգնականը բանկին էլեկտրոնային հարցում էր ուղարկել, և հաշվեհամար չունենալու վերաբերյալ բանկի պատասխանը նույնպես կցվել էր Միհրան Պողոսյանի գրասենյակի կողմից տարածված հայտարարությանը:

Նշենք, որ վերը նշված քննչական պահանջը ՀՔԾ-ն Շվեյցարիա է ուղարկել 2019թ․-ի մայիսին: Հայաստանն արդեն երկրորդ անգամ էր գրություն ուղարկում Շվեյցարիա՝ գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Առաջին անգամ ուղարկված հարցումը պատշաճ կազմված չի եղել, ինչի հետևանքով քննչական պահանջը չէր բավարարվել։

2017 թ․-ի հունվարին OCCRP-ի մեր գործընկերների հարցմանն ի պատասխան՝ Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի մամուլի խոսնակ Ինգրիդ Ռյուսերը (Ingrid Ryser) առաջին գրության վերաբերյալ պարզաբանում էր տվել, որ իրավական օգնություն ցույց տալու հայկական կողմի առաջին միջնորդությունը չի բավարարվել, քանզի այն չի համապատասխանել միջնորդության պահանջներին»:

  • Կիսվել: