Ուզում եք համոզել մարդկանց, որ հնարավոր է ինքնարժեքից ցածր գնով ունենալ նորմալ հասարակական տրանսպո՞րտ. Թունյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
Պարո՛ն Ավետիսյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյան - խմբ.), որ ասում եք՝ ժամանակին պայքարում էիք 150 դրամի դեմ, դուք այն ժամանակվա ու հիմիկվա տարբերությունը իրոք չե՞ք նկատում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստին տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարողների համար տուգանք սահմանելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքներին:
«Այն ժամանակ առաջարկվում էր 150 դրամ՝ նույն «ԳԱԶել»-ները պահպանելով, հիմա դուք նայեք Երևանի ավտոբուսային պարկը: Դրանք համեմատելու ենթակա բանե՞ր են:
Վերջին հաշվով, այս տարիների ընթացքում մենակ գնաճը բավարար էր, որ առանց որևէ բանի նայելու սակագինը վերանայելու հիմք առաջանար: Այսինքն՝ ուզում եք համոզել մարդկանց, որ հնարավոր է ինքնարժեքից ցածր գնով ունենալ նորմալ հասարակական տրանսպո՞րտ: Նման բան չի լինում:
Քաղաքացին, ուղևորը եթե չվճարի, բոլորն են վճարելու դրա փոխարեն՝ այլ հարկերի տեսքով: Դա ինձնից լավ գիտեք: Կամ որ ասում եք՝ ինչու առաջացավ այդ անհրաժեշտությունը: «Տուգանքի մատերիալն» էլ ամեն անգամ մանտրայի պես կրկնում եք: Եթե կա կանոն, ուրեմն կա նաև պատասխանատվություն: Իսկ այդ պատասխանատվությունը, անհրաժեշտությունը առաջանում է հատկապես այն դեպքում, երբ պատգամավորները, փոխանակ մարդկանց հորդորեն, որ ընդունված կանոններն ու օրենքները պահպանեն, հակառակ խորհուրդն են տալիս, ասում են՝ մի՛ վճարեք, կանոնները խախտեք: Այսինքն՝ ի՞նչ եք առաջարկում՝ բարեխիղճ ուղևորները վճարե՞ն ոչ բարեխիղճների համար:
Մի՛ ձևացրեք, որ դուք մեր քաղաքացիների մասին ավելի շատ եք մտածում, քան մեր քաղաքացիներն ու մենք, որովհետև բոլոր այն փոփոխությունները, որ կատարվում են, հենց այդ քաղաքացիների շահերից ելնելով են կատարվում»,- հայտարարեց Թունյանը: