ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շուշիի անկման դրվագը քննվում է առանձին քրեական գործով. Քյարամյան

Շուշիի անկման դրվագը քննվում է առանձին քրեական գործով. Քյարամյան

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը չի կարծում, թե 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթները ձգձգվում են: Այս մասին նա ասել է Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում:

Քյարամյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Վարույթների ձգձգման մասին խոսելիս՝ նախ պետք է անդրադառնանք երկու գործոնի՝ վարույթների ծավալին և վարույթների քննության որակին: Եթե մենք ծավալային առումով ենք քննարկում պատերազմի վերաբերյալ քննվող քրեական գործերը, ապա ես պետք է նշեմ, որ շատ դետալային քննություն է իրականացվում, և մենք քննության շատ լայն շրջանակ ենք վերցրել, որպեսզի կարողանանք ամբողջությամբ բացահայտել հանրությանը և քննությանը հետաքրքրող բոլոր հարցերը:

Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է նշեմ, որ մենք ընդհուպ դիվիզիայի մակարդակից մինչև վաշտի մակարդակ քննություն ենք անում, կորպուսի մակարդակից մինչև երբեմն դասակի մակարդակ քննություն ենք իրականացնում: Քննության այս բազմաշերտությունը պայմանավորված է նրանով, որ մեր նպատակն ամբողջությամբ պարզաբանելն ու բացահայտելն է պատերազմում մեր պարտության պատճառները և այն անձանց, որոնք նպաստել են այդ պարտության վրա հասնելուն՛՛:

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով հարցաքննվել է շուրջ 17 հազար մարդ:

՛՛Մենք պատերազմի վերաբերյալ քրեական գործերը բաժանել ենք երկու մասի՝ սպաների վերաբերյալ քրեական գործեր և շարքային անձնակազմի վերաբերյալ քննվող քրեական գործեր: Առանձին քրեական գործով է քննվում Շուշիի անկման դրվագը: Առանձնացված վարույթով է քննվում նաև բոլորին հայտնի հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի վերաբերյալ գործը: Մենք ունենք քրեական գործ, որը վերաբերվում է նախապատերազմական իրադրությանը, որը շատ կարևոր քրեական գործ է: Ունենք քրեական գործ պատերազմի ընթացքում և պատերազմից առաջ զորահավաքի կազմակերպման հարցերին վերաբերվող: Այս բոլոր քրեական գործերը իրենց մեջ ներառում են հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր դրվագներ՛՛,-նշել է նա և հավաստիացրել, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործերով կատարվող քննության որակին շատ մեծ ուշադրություն է դարձվում: Շատ հստակ խնդիր է դրված, ըստ Քյարամյանի, որ այս գործերով պետք է 100 տոկոսանոց հիմնավորվածություն և ներքին համոզմունք ունենան, որպեսզի կարողանան գործերի ընթացքը լուծել: 

Նա նաև հայտնեց, որ կան շուրջ յոթ տասնյակից ավելի սպաներ, որոնք քրեական գործերով ներգրավված են որպես մեղադրյալներ:

  • Կիսվել: