չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Շուրջ երկու տասնյակ ուսանողներից տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Շուրջ երկու տասնյակ ուսանողներից տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ դրամ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված համալսարանի երեք ուսանողների մագիստրոսական թեզը գրելու, ինչպես նաև հետագա նախապաշտպանությունը բարեհաջող անցկացնելու համար Ա. Մ.-ն նրանցից պահանջել և ստացել է ընդհանուր 450․000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո հիշյալ ուսանողները մագիստրոսական թեզը հանձնել և ստացել են բարձր միավորներ:

Բացի այդ, Ա. Մ.-ն, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, նույն համալսարանի մի շարք այլ ուսանողների՝ 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից յուրաքանչուրից ստացել է 20.000-ական, ընդհանուր՝ 340.000 ՀՀ դրամ կաշառք:

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ ևս երկու ուսանողի կուրսային աշխատանքներն ու վերահանձնման ենթակա առարկաների քննությունները դրական գնահատելու համար Ա. Մ.-ն նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 60.000-ական ՀՀ դրամ:

19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Ա. Մ.-ին կաշառք տված ուսանողների նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: