կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է ապացուցվում. Քոչարյանը՝ դատական նիստին

Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է ապացուցվում. Քոչարյանը՝ դատական նիստին

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, շարունակվել է Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Այս անգամ հետազոտվել են նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները, մասնավորապես՝ տեսագրությունները։

Ինչպես նիստի ժամանակ նշել է Լևոն Քոչարյանը՝ կա տեսագրություն, որը ներկայացրել է մեղադրող կողմը և ասում է՝ այս տեսանյութով ապացուցվում է իրենց մեղադրանքը:

Նա, մասնավորապես, ասել է.  «Ասում են՝ օրինական պահանջ են ներկայարցել, մենք հետ ենք դարձել, մխրճվել ենք ոստիկանների մեջ ու հարվածներ ենք հասցրել ոստիկաններին: Սրանցից ո՞րն է այս տեսանյութով ապացուցվում: Շնորհակալություն եմ հայտնում այս տեսանյութի համար, որովհետև դրանով հակառակն է ապացուցվում»:

Ըստ Քոչարյանի՝ կա ցուցմունք ոստիկանի կողմից, թե ոստիկանը բարձրախոսով այդ մեքենայից օրինական պահանջ է հնչեցրել:

«Մենք առաջին օրից ասում ենք՝ չի եղել նման բան, դրա օբյեկտիվ ապացույցը հենց այս տեսանյութն է: Տեսանյութում տեսնում ենք՝ ոստիկանների շատ անհասկանալի պահվածքը: Իրենք եկել էին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկը բացելու, բայց քաղաքացիներն իրենք են ազատում ու շարժվում՝ դեպի Սարյան փողոց, ինչից հետո ոստիկանները սկսում են անիմաստ մարդկանց բերման ենթարկել:

Այդ ի՞նչ բառ է օգտագործվում, գնում, կանգնում ենք, ի՞նչ մխրճվել: Վերջիվերջո տեսանյութ կա չէ՞, բոլորս տեսնում ենք, անհարմար վիճակում եք հայտնվում: Տեսանյութն ապացուցում է, որ մենք չենք հարվածել ոստիկաններին, ոչ մի ապօրինի գործողություններ չենք արել, իսկ ոստիկաններն արել են ու ոչ մի օրինական պահանջ էլ չի հնչել»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լևոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը  նա ձերբակալվել է՝ ոստիկանության չորս ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, ապա կալանավորվել է և ազատ արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։

  • Կիսվել: