ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կիրառած առերևույթ անհամաչափ ուժը քաղաքացիների սադրիչ գործողությունների արդյունք է. Ֆիդանյան (տեսանյութ)

Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կիրառած առերևույթ անհամաչափ ուժը քաղաքացիների սադրիչ գործողությունների արդյունք է. Ֆիդանյան (տեսանյութ)

Վերջին շրջանում ԶԼՄ-ներում տարածվում է տեսակետ, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում քաղաքացիների նկատմամբ։ Հասկանում եմ, որ այդ եզրույթը ականջահաճո է, սակայն պետք է տանք հստակ իրավական գնահատական, առավել ընդունելի է անհամաչափ ուժ եզրույթը։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով ընդդիմության հանրահավաքների ժամանակ ոստիկանության գործողություններին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ցավոք, երբեմն ոստիկանության գործողություններում ականատես ենք լինում անհամաչափ ուժի կիրառման։ Բոլոր դեպքերով մեր կողմից իրականացվում են համապատսխան ստուգումներ։ Այս պահի դրությամբ ունենք 47 ծառայողական քննություն, դրանցից ոմանք բազմադրվագ են։ 47-ից 34 դեպքով էլ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախապատրաստվել են նյութեր և հարուցվել քրեական գործեր։

Քաղաքացիների կողմից էլ կան բազմաթիվ դեպքեր, երբ ոչ իրավաչափ գործունեություն է իրականացվում։ Այդ դեպքերի առնչությամբ էլ ունենք 13 նյութ։ Շատ են դեպքերը, երբ ոստիկանության կիրառած առերևույթ անհամաչափ ուժը արդյունք է քաղաքացիների սադրիչ գործողությունների՛՛։

Փոխոստիկանապետի խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են արձանագրել, երբ վիրավորական արտահայտություններ են հնչում ոստիկանների հասցեին, նաև հայհոյանքներ, ինչպես նաև աննկատ ասեղով ծակում են ոստիկանության ծառայողներին։

՛՛Աչքի են ընկնում նաև առանձնահատուկ ագրեսիվ դրսևորմամբ իգական սեռի ներկայացուցիչներ։ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել է պատ, որտեղ ներկայացվում են ոստիկանների լուսանկարները։ Այս ամենը չի կարող ոստիկանների վրա բացասական ազդեցություն չունենալ, այս ամենի համագումարը երբեմն ծնում է վերաբերմունքը, որը երբեմն ոստիկանության աշխատակիցները դրսևորում են։ Սա չի արդարացնում նրանց, սակայն ոստիկանը նաև մարդ է՛՛,-ասաց Ֆիդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: