ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շարունակվում է Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

Շարունակվում է Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանում այսօր ընթանում է Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ դատարան էին հրավիրվել երկու վկա՝ Ալբերտ Պետրոսյանը և Սոնա Թորոսյանը։

Նշենք, որ Սոնա Թորոսյանը Նազիկ Ամիրյանի գործով տուժող Պետրոս Թորոսյանի դուստրն է։ Ըստ նրա՝ գեներալ Մանվել Գրիգորյանը սպառնալիքներով իր հորից խլել է վերջինիս պատկանող բենզալցակայանը, որ դեռևս կառուցման փուլում էր և գտնվում էր Էջմիածնում։ Ինչպես պնդում է վկլան՝ այդ բենզալցակայանը ներկայումս պատկանում է Նազիկ Ամիրյանին։

Դատարանում հարցաքննության ժամանակ վկա Ալբերտ Պետրոսյանը  հաստատեց այն տեղեկությունը, որ Պետրոս Թորոսյանին պարտադրել են տալ բենզալցակայանը Մանվել Գրիգորյանին: Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Պետրոս Թորոսյանի հետ և՛ հարևաններ ենք եղել, և՛ ժամանակին աշխատանքային ընկերներ։ Երբ ես 2003թ. Ռուսաստանից եկել էի Հայաստան, Պետրոս Թորոսյանը եկել է իմ տուն և ասել, որ իրեն պարտադրում են բենզալցակայանը զիջել Մանվել Գրիգորյանին։ Ես Մանվել Գրիգորյանի հետ էլ ժամանակին աշխատել եմ, աշխատանքային ընկերներ ենք եղել՛՛։

Ըստ վկայի՝ ինքը Պետրոս Թորոսյանի հետ հանդիպել է Մանվել Գրիգորյանի օգնականին՝ ՛՛ճուտին՛՛. ՛՛Խոսակցություն գնաց Պետրոսի հետ, որ անպայման պետք է այդ բենզալցակայանը տա, և գումարային խոսակցություն գնաց։

Գումարի չափը չեմ հիշում։ Ես էլ ասացի՝ կոնտակտ տվեք, զանգեմ գեներալին, ինձ էլ ասացին՝ դու հանգիստ կանգնի տեղդ, քո գործը չի։

՛՛Ճուտն՛՛ ասաց՝ այդ հարցը հանձնարարված է մեզ, մենք էլ պետք է լուծենք, գեներալը ոչ մեկի հետ գործ չունի։ Դրանից երկու օր հետո ես գնացել եմ Մոսկվա, հետո երբ վերադարձել եմ Հայաստան, իմացել եմ, որ բենզալցակայանը հանձնվել է։ Թե Պետրոսին դրա դիմաց ինչ են տվել կամ չեն տվել, ես դա չեմ կարող ասել՛՛։

Ինչպես նշեց վկան՝ ինքը  գումարի խոսակցությունից միայն մի հատված է հիշում: ՛՛Ես հիշում եմ, որ Պետրոսն ասաց՝ 5000-8000 դոլարը ըսկի շինանյութի գումարը չի կազմում՝ ես ոնց հա՛մ բենզալցակայանը տամ, հա՛մ շինանյութը՛՛,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու, իրեն պատկանող ընկերությունը կանխամտածված սնանկության տանելու համար։

  • Կիսվել: