Սեռական ոտնձգություն էր կատարել 14 տարեկանի նկատմամբ ու ազատ արձակվել տուժողի հետ հաշտվելու հիմքով. Մարանդյան
Վերջին տարիներին դատաքննչական պրակտիկայում առաջացել են որոշակի խնդիրներ երեխաների իրավունքների պաշտպանության կապակցությամբ. խոսքը վերաբերում է նրանց նկատմամբ կատարվող որոշակի հանցագործությունների պարագայում, գործուն զղջալու կամ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերին։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը։
«Այս առումով մեր ուշադրության կենտրոնում հայտնվել են 14-ից 16 տարեկան երեխաները և ունեցել ենք դեպքեր, երբ 14-16 տարեկան երեխայի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության, կամ այդ բնույթի հանցագործության պարագայում հաշտության հիմքով հանցանք կատարած անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից։
Ինչու՞ է այս խնդիրը մեզ մտահոգում, հայտնի է, որ անգամ 14-16 տարեկան երեխաները իրենց սոցիալական զարգացվածության մակարդակով, ֆիզիոլոգիական հատկանիշներով, մտավոր ունակությունների բերումով և այլն, սահմանափակ գործունակ են, և հաշտության պարագայում, երբ մենք հիմքում դնում ենք քրեական պատասխանատվությունից ազատելը, պետք է առկա լինի լիարժեք գիտակցված, ինքնուրույն կամահայտնություն, որը 14-16 տարեկան երեխաների պարագայում պարզապես չի կարող լինել»,- ասաց Մարանդյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, այն հանգամանքը, որ այս ոլորտի հանցագործությունների պարագայում պետության արձագանքը միշտ իրականացվում է հանրային հետապնդման կարգով, ոչ թե մասնավոր հետապնդման, հետևաբար ընդհանուր մոտեցումը այն պետք է լինի, որ երեխայի կամահայտնությունից կախվածության մեջ չպետք է դրվի հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելը։
«Ընդ որում, մեր ուշադրությունը գրավել են քրեական օրենսգրքի 81-րդ և 82-րդ հոդվածները, մասնավորապես գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը և տուժողի հետ հանցանք կատարած անձի հաշտության հիմքով ազատելը։
Ընդ որում, 82-րդ հոդվածում կա բացառություն, այսինքն, երբ կատարված հանցանքում առկա են ընտանեկան բռնության հատկանիշներ, այդ պարագայում արգելվում է հաշտություն կնքել: Եվ իհարկե կա նաև ֆիքսված տարիքային շեմ, մինչև 14 տարեկանների պարագայում: Մեր քննարկումները մասնագետների հետ ցույց են տվել, որ անգամ այն իրավիճակներում, երբ դեպքը ունի ընտանեկան բռնության հատկանիշներ, բայց նաև այլ կոմպոնենտներ կան, դատաքննչական պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որ փոխանակ շեշտադրում կատարվի ընտանեկան բռնության վրա, շեշտադրում է կատարվել այլ հանգամանքի վրա և փաստացի հաշտության հիմքով հանցանք կատարած անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից, ինչը հիմնավորված չէ»,- ընդգծեց նա: