չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ողջ մնացած հայ գերիների Ադրբեջանում գտնվելը քիչ հավանական է, նրանք ենթարկել են արտադատական սպանությունների․ Սիրանուշ Սահակյան

Սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով ողջ մնացած հայ գերիների Ադրբեջանում գտնվելը քիչ հավանական է, նրանք ենթարկել են արտադատական սպանությունների․ Սիրանուշ Սահակյան

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանին փոխանցեց  սեպտեմբերի 13-15-ը ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 զինծառայողի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշել էր, որ բոլոր 17 հայրենադարձվածներին տեսակցել են սեպտեմբերի 23-ին,  հաջորդած հանդիպումների ժամանակ սեպտեմբերի 13-15-ի ռազմական գործողությունների  հետևանքով այլևս ոչ մի գերեվարվածի չեն տեսակցել։

Արդյո՞ք կա հավանականություն, որ Ադրբեջանում շարունակում են մնալ սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով գերեվարվածներ, երբ հայկական կողմը խոսում էր առնվազն 20 ռազմագերու մասին։

Հարցի շուրջ Zarkerak.am-ը զրուցել է  իրավապաշպան, ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ․ «Մենք չենք բացառում, ավելին՝  ունենք ապացույցներ, որ  ավելի մեծ թվով զինծառայողներ են գերեվարվել, բայց յուրաքանչյուր գերեվարվածի պարագայում չէ, որ պետությունը  հաստատում է գերեվարելու փաստը»։

Սահակյանը բացատրում է, որ Ադրբեջանի կողմից 17-ից ավելի գերիների չհաստատելու փաստը նրանց մշտական ձեռագիրն է․ «Եթե  գերեվարվածին սպանում են, պետության համար որևէ  շարժառիթ չկա հաստատելու գերեվարումը, հակառակ պարագայում նրանք պարտավոր են բացատրել, թե ինչ է պատահել ռազմագերու հետ և կյանքի  իրավունքի խախտումների համար պատասխանատվություն կրել։ Դրա համար Ադրբեջանը սեպտեմբերի 13-ի պատերազմի առնչությամբ պաշտոնականացրել է միայն 17 զինծառայողի գերեվարումը։ Ինչ վերաբերում է գերեվարման այլ դեպքերին, ապա տեղի են ունեցել սպանություններ և այդ սպանությունը մենք տեսանք նաև տեսանյութերով»։

Սահակյանը բացատրում է, որ շուրջ 20 գերիների առկայությունը Ադրբեջանում հայկական կողմը պարզել է տարածված տեսանյութերի ուսումնասիրության արդյունքում․ «Ունենք տեսանյութ, որտեղ 17  հայրենադարձվածից բացի  երևում են ևս երեք գերեվարվածներ, բայց նրանք Ադրբեջանի կողմից չեն պաշտոնականացվել։ Ուստի հետևությունն այն է, որ  Ադրբեջանը գերեվարել է ավելի մեծ թվով  զինծառայողների, քան 17-ն է, սակայն նրանց ենթարկել է  արտադատական սպանությունների՝  ապօրինանբար կյանքից զրկել է միջազգային  մարդասիրական իրավունքի հատուկ պաշտպանության տակ  գտնվող ռազմագերներին և խախտել է նրանց կյանքի  իրավունքը՝ իրականացնելով  պատերազմական հանցագործություններ»։  

Ստեղծված իրավիճակում սեպտեմբերյան ռազմական գործողությունների հետևանքով  գերության մեջ գտնվող ողջ մնացած  հայ զինծառայողի Ադրբեջանում գտնվելը  Սահակյանը քիչ  հավանական է համարում, բայց և նշում․ «Քանի դեռ անհետ կորածների ճակատագրերը հստակեցված չեն, չենք կարող բացառել  նաև ողջ լինելը, բայց հավանակությունը փոքր է»։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի հետևանքով անհետ կորածների հարցին, իր թվիթերյան էջում գրել էր․ «Անհետ կորած է 29 հայաստանցի»։

Իսկ միջազգային ատյաններում հայկական կողմի քայլերը՝ ադրբեջանցիների ռազմական հանցագործությունների դատապարտման և ժխտողականության մերժման առումով շարունակվում են․ «Միջազգային  արձագանք եղավ արտադատական սպանության տեսանյութերի մասով, այդ տեսանյութերը ենթարկվեցին  միջազգային հետաքննության, որով  հաստատվեց դրանց իսկությունը և ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ  ռազմագերիների գնդակահարությունը։ Մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցները, միջկառավարական  կառույցները և առանձին պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները ևս արձագանքել են այդ միջադեպերին։ Այսինքն՝ որոշակի առումով  գոյություն ունի միջազգային արձագանք, բայց նաև պետք է դրան հաջորդի հետևողական աշխատանք»,- Սիրանուշ Սահակյանի խոսքով, միջազգային արձագանքը պետք է ենթադրի Ադրբեջանին իրավական և քաղաքական պատասխանատվության ենթարկել։ Եթե իրավական պատասխանատվության մասով խոսում ենք քրեական գործերի հարուցման և ռազմական հանցագործներին միջազգային արդարադատության առաջ կանգնեցնելու մասին, ապա քաղաքական պատասխանատվության ներքո որոշակի պատժամիջոցներն են։  

Սակայն միջազգային հանրությունից և կառույցներից ստացվող դատապարտող հայտարարություններին զուգահեռ է Ադրբեջանի կողմից ժխտողականության անփոփոխ ձեռագիրը, որը շարունակվում է առ այսօր․ «Դա կայուն քաղաքական գիծ է։ Բնականաբար, իրենք պաշտպանվելու տեսանկյունից պետք է փորձեն հերքել,  բայց այն ինչը հերքում են, միջազգային հետաքննություններով հաստատվում է, սա ևս ցուցանիշ է, որ ընդամենը սեփական երկրի քաղաքական ղեկավարության շահերը պաշտպանելու համար նրանք  փորձում են մերժել, բայց իրականության մեջ այդ փաստերը ապացույցներով հիմնավորելի են»։

Տիկին Սահակյանին հարցնում ենք, Ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ ստացված արձագանքների մասով կարևոր հարց է մնում արդյո՞ք հայկական կողմը կկարողանա միջազգային հարթակներում ՀՀ-ի համար խիստ կարևոր այս թեման արդիական պահել այնքան, մինչև դատապարտող խոսքերը, ի վերջո վերածվեն իրական դատավարությունների․ «Պետք է  շարունակաբար աշխատանք կատարել, որոհետև միայն կոչը կամ  հետաքննությունը բավարար չէ և մենք  ներգրավված անձանց և նրանց  հրամանատարների պատասխանատվության խնդիր ենք տեսնում, ուստի պետք է թեման միշտ «տաք» պահել, որպեսզի միջազգային հանրությունը  համարժեք արձագանքի և վերացնի անպատժելիությունը»։

Միջազգային հարթակներում   ադրբեջանական ռազմական հանցագործությունների մասով բարձրաձայնվում է մեկ թեմա ևս։

«Ադրբեջանից վերադարձած գրեթե բոլոր հայ գերիները հայտնել են խոշտանգումների մասին»,-հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասել էր  ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով  հոկտեմբերի 4-ին ՀՀ հայրենադարձված գերիներին, նշելով, որ տեղեկատվությունը ստացվել է նրանց հետ առանձնազրույցների ընթացքում։  

«Այս հարցով, բնականաբար, փաստահավաքություն կա, այն իրականացնում են իրավապաշտպան կառույցները և ձեռքբերված ապացույցները ներկայացվում են միջազգային  հանրությանը, հատկապես՝ դատական ատյաններին», - նշեց  Սիրանուշ Սահակյանը։

Տիկին Սահակյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում շարունակում է գերության մեջ մնալ 33 անձ․ «Թիվն անփոփոխ է նաև չհաստատված գերիների մասով՝ նրանք 80-ն են, այս մասով որևէ դրական տեղաշարժ չկա»,- եզրափակեց իրավապաշտպանը։

  • Կիսվել: