ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
ՍԴ ճնգաժամի պատճառն այն գործունեությունն է, որ այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից. Վահագն Հովակիմյան

ՍԴ ճնգաժամի պատճառն այն գործունեությունն է, որ այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից. Վահագն Հովակիմյան

ՍԴ ճնգաժամի պատճառն այն գործունեությունն է, որ այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից՝ 1996 թվականի փետրվարի 6-ին հաջորդած 22 տարիներին: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայցնելով «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

ՍԴ-ի գործունեության ձախողված լինելու ամրագրումը պատգամավորը համարեց 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

Նրա խոսքով՝ այս տարվա փետրվարի 6-ի նիստում՝ որպես ՍԴ ճգնաժամի լուծում ընդունեցին հանրաքվեի որոշումը, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում արտակարգ դրություն սահմանվեց, և հանրաքվեն չանցկացվեց։

«Ակնհայտ է, որ առաջիկա առնվանզ մեկ տարին, հնարավոր է նաև ավելի երկար, Հայաստանում հանրաքվե կամ այլ համապետական միջոցառում չի կարող անցկացվել: Մեր քաղաքական ուժը բազմիցս հայտարարել է, որ մեզ համար չկա որևէ խնդիր, որն առավել է, քան հանրության առողջության պահպանումը: Մյուս կողմից, ՍԴ ճգնաժամի լուծման ձգձգումն ուղղղակի վնասում է մեր երկրի զարգացմանը և վտանգում է առջևում սպասվող լայնածավալ բարեփոխումները: ՀՀ-ն արժանի է ունենալ հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան: Մեր բոլորիս, խորհրդարանի պարտավորությունն է լուծել ՍԴ ճգնաժամը և ապահովել երկրի բնականոն զարգացումը»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

Այսպիսով, ըստ նրա, Սահմանադրության փոփոխությունների ներկայացված նախագծով առաջարկվում է 213 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ:

«Նախագծով ՍԴ կառուցվածքը համապատասխանեցվում է Սահմանադրության 7-րդ գլխի պահանջներին: Մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրվում է 12 տարի  ժամկետով և նույն անձը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն  մեկ անգամ: Ըստ այդմ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի նոր խմբագրությամբ առաջարկվում է դադարեցնել ՍԴ այն անդամ/դատավորների լիազորությունը, որոնք արդեն իսկ ընդհանուր տևողությամբ 12 տարուց ավելի են պաշտոնավարում: Իսկ ՍԴ այն անդամ/դատավորները, որոնք ընդհանուր տևողությամբ 12 տարվանից պակաս են պաշտոնավարել, կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, ՍԴ բոլոր անդամ դատավորների կարգավիճակը կհավասարեցվի»,- ընդգծեց Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների ուժի մեջ մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավորումը ևս կդադարեցվի:

«ՍԴ նոր նախագահի ընտրությունը, որը պետք է ընտրվի 6 տարի ժամկետով, կանցկացվի այդ փոփոխության արդյունքում առաջացող թափուր տեղերի համալրումից հետո: Այսպիսով, մենք լուծում ենք նաև այն խնդիրը, որ այն նոր դատավորները, որոնք կընտրվեն թափուր տեղերում, նույնպես հնարավորություն կունենան ՍԴ նախագահ ընտրվել»,- նշեց պատգամավորը։

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը, առաջարկվող փոփոխություններն ընդունելով, կազդարարի իր քաղաքական կամքն առ այն, որ ընդհանուր տևողությամբ 12 տարվանից քիչ պաշտոնավարած ՍԴ անդամ դատավորներն իրենց հետագա գործունեությամբ պետք է նպաստեն Սահմանադրական դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

  • Կիսվել: