երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ-ն այն դիրքում է, որ սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն. Փաշինյան

ՍԴ-ն այն դիրքում է, որ սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն. Փաշինյան

Կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի ու ծավալների շուրջ մտահոգությունն այսօր եւս արդիական է, բայց այդ ամենը հարաբերական է: Այս մասին այսօր կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Երբ վերջերս ՀՔԾ օրվան էինք մասնակցում, պարզվեց, որ միայն 2019-ի առաջին 10 ամիսների ընթացքում ՀՔԾ-ն պետությանը հասցված այնքան վնաս է վերականգնել, որքան ՀՔԾ-ի գոյության ողջ ընթացքում: Հիմա սա փաստ է, որն առկա է: Մյուս կողմից մենք պետք է արձանագրենք, որ այն խնդիրները, որ դրել ենք կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին, մենք բավարար արդյունավետությամբ չենք կարողանում լուծել: Դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Մենք հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ այդ պրոցեսը հեշտացնենք: Խոսքը նաեւ առանց մեղադրանքի առաջադրման գույքի բռնագանձման մասին օրենքի մասին է»:

Փաշինյանը որպես օբյեկտիվ խոչընդոտ նշեց փորձագիտական կարողությունների սահմանափակությունը: Նա նշեց. «Օրինակ՝ հափշտակված գույք կա, եւ այն մեծ ծավալների է հասնում: Երեւանի կենտրոնում տասնյակներով անշարժ գույք կա: Ինչու այդ գործը տեղից չի շարժվում, որովհետեւ փորձագետը պետք է գնահատի այդ գույքի արժեքը, որպեսզի ըստ դրա տրվի իրավական գնահատական, քանի որ քրգործի ծավալները երբեմն կրկնակի ավելացել են, որ չեն կարողանում այդ փորձաքննություններն իրականացնեն: Մյուս կողմից՝ այդ փորձագետը մեղավոր չէ, որ այդ պաշտոնյան ավելի շատ է գողացել, քան փորձագետները կարողություն ունեն արագ գնահատելու»;

Վարչապետը նկատեց, որ խնդիր ունեն նաեւ դատական համակարգում: «Մեր իրավապահ համակարգն անընդհատ մտավախություն է հայտնում, որ մեր ՍԴ-ն, ըստ էության, այն դիրքում է, որ սպասում են, որ բոլոր կոռուպցիոներներին վերջում պատասխանատվությունից ազատեն»,-ասաց նա:

  • Կիսվել: