շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՍԴ-ի վերաբերյալ սա արդեն 5-րդ նախաձեռնությունն է, արդյոք սա լինելու է վերջինը. Թագուհի Թովմասյան

ՍԴ-ի վերաբերյալ սա արդեն 5-րդ նախաձեռնությունն է, արդյոք սա լինելու է վերջինը. Թագուհի Թովմասյան

«2019 թվականից մինչև հիմա, փաստորեն, սա 5-րդ նախաձեռնությունն է, որով փորձում ենք ՍԴ ճգնաժամի հարցը կարգավորել։ Արդյոք սա կարող ենք համարել վերջին նախաձեռնությունը, և այս մեկով հնարավոր կլինի վերջնականապես խնդրի կարգավորմանը հասնել, թե՞ առաջիկայում հնարավոր են էլի փոփոխություններ»,- այս մասին Ազգային ժողովում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների քննարկման ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը՝ դիմելով հարցը զեկուցող Սուրեն Գրիգորյանին:

Վերջինս չհամաձայնեց Թագուհի Թովմասյանի այն պնդման հետ, թե սա 5-րդ քայլն է՝ ՍԴ-ում առկա ճգնաժամի հաղթահարմանն ուղղված։

«Ես կարծում եմ, որ ըստ էության, սա ՍԴ-ում ստեղծված ճգնաժամի կարգավորմանն ուղղված 3-րդ գործողությունն է։ Առաջին գործողությունը եղել է վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներմուծումը, երկրորդը՝  հանրաքվեի է դրվել հարցը, և մեզ հասկանալի պատճառներով, անգամ կարելի է ասել՝ երկրորդն է, եթե պատկերացնենք, որ սա հանրաքվեին փոխարինող նախագիծն է:

Ինչ վերաբերում ՍԴ ճգնաժամի լուծմանը՝ ես իմ անձնական կարծիքն ասեմ։ Կարծում եմ, որ ՍԴ-ում առկա ճգնաժամը մեծապես կլուծվի, միևնույն ժամանակ, չեմ բացառում, որ ՍԴ-ի ամբողջական լեգիտիմության ապահովման համար և ընդհանուր ՍԴ մեծ փոփոխությունների համատեքստում կարող է լինել կրկին անդրադարձ ՍԴ-ին»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։

Պատասխանելով Թագուհի Թովմասյանի այն հարցին, թե ՍԴ դատավորների արձակուրդներ գնալը որքան է խոչընդոտում գործընթացին, Սուրեն Գրիգորյանը նշեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում ամրագրվում է թե՛ վճարվող, թե՛ անվճար արձակուրդի կարգավորումները, որոնցից ՍԴ դատավորները իրավունք ունեն օգտվել:

«Դա որևէ կերպ չի կարող խոչընդոտել այս գործընթացի կյանքի կոչմանը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի , Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ ՍԴ նախագահի պաշտոնում:

 

  • Կիսվել: