չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները կունենան արժանապատիվ աշխատավարձ․Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորները կունենան արժանապատիվ աշխատավարձ․Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Կառավարությունն առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի եւ նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի եւ պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում՝ որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն:

Կառավարության առաջարկը քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ին հրավիրված արտահերթ նիստում, հայտնում են ԱԺ լրատվական բաժնից։

Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ՝ փոփոխություններն ու լրացումները նախատեսվում է կատարել ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում:

Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների նպատակը՝ փոխնախարարը նշել է, որ այն բխում է Կառավարության սահմանած դատական եւ իրավական բարեփոխումների ծրագրից: Վճռաբեկ դատարանն իր սահմանադրական լիազորությունների իրականացման բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի եւ եռաստիճան դատական համակարգում իր քննությանը ներկայացված իրավունքի եւ փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: Վճռաբեկ դատարանի գործառույթների հնարավորինս արդյունավետ իրականացումն ունի մեծ հանրային-իրավական նշանակություն այն իմաստով, որ թե՛ պետությունը եւ թե՛ հասարակությունը շահագրգռված են օրենքների եւ նորմատիվ իրավական այլ ակտերի ճիշտ ու միատեսակ կիրառման, դատական պրակտիկայի հետեւողականության եւ կանխատեսելիության ապահովման հարցում:

Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության ոլորտում բարձրագույն դատական ատյան է: Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը, որի շրջանակում Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է սահմանել նշված հավելավճարները:

Հարակից զեկուցող Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղեկալ Վահագն Հովակիմյանը, կարեւորելով ներկայացված նախագիծը, նշել է, որ դատավորների՝ իրենց կարգավիճակին արժանապատիվ աշխատավարձ ունենալու հանձնառությունը եղել է իշխող խմբակցության դեռեւս 2018 թ. նախընտրական ծրագրում: Նրա խոսքով՝ դա դատական բարեփոխումների կարեւոր բաղադրիչն է:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

  • Կիսվել: