ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սա քաղաքական հետապնդում է. Սերժ Սարգսյանի պաշտպան

Սա քաղաքական հետապնդում է. Սերժ Սարգսյանի պաշտպան

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանրությանը ցույց են տալու, թե ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։

«Սա ուղղակի զավեշտ է, որ կարող է գործել քրեական գործ, դառնա մեղադրանք ու գա դատարան։ Քաղաքական հետապնդում է, ենթատեքստ չկա»,-ասաց Մակինյանը:

Պաշտպանը պատմեց, որ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը դիմել է ՊԵԿ՝ գործի առնչությամբ մի քանի հանգամանքներ ճշտելու համար, սակայն ՊԵԿ-ը մերժել է՝ պատասխանելով, որ հայցած տեղեկությունն առեւտրային գաղտնիք է պարունակում:

Նա նշեց, որ երրորդ նախագահը մեկ անգամ առերես հարցաքննվել է իր դեմ ցուցմունք տված անձի հետ. «Միայն ցուցմունքի փաստացի, թղթի գործի մեջ կարված լինելը չի նշանակում, որ դա գոյություն ունի։ Վարույթն իրականացնող մարմինն ինչ-որ բան կազմակերպե՞լ է քրեաիրավական առումով։ Դա շատ լուրջ գործողությունների շղթա է։ Երբ գա այդ փուլը, կընդգծեմ եւ կտեսնեք, թե որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը քանի բառ է պարունակում պարոն նախագահի գործողությունների մասին»։

Նշենք, որ այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստին Սերժ Սարգսյանի պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Բացարկ ներկայացնելու հիմքը, ըստ պաշտպանների, սույն գործով նախաքննությանն ընթացքում եղած մի շարք խախտումներն ու թերացումներն են, որոնց սակայն հսկող դատախազը ոչ միայն չի արձագանքել, եւ, ըստ պաշտպանների, անգամ ինքն է թույլ տվել գործի արդարացի քննության, անմեղության կանխավարկածի եւ այլ խախտումներ։

Դատարան բացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

  • Կիսվել: