ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուբեն Վարդազարյանը ուշագրավ շոու է պատրաստել․ «Հրապարակ»

Ռուբեն Վարդազարյանը ուշագրավ շոու է պատրաստել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդն արդեն նշանակել է ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանավոր կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նիստի օրը:

Հիշեցնենք. մենք տեղեկացրել էինք, որ ԲԴԽ 3 գիտնական անդամի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Վարդազարյանի դեմ` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի հիման վրա, որտեղ վերջինս արտահայտել է տեսակետ ու տվել գնահատականներ, որով խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը: Սրանով ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ցանկանում է հասնել այն բանին, որ Վարդազարյանի լիազորությունները կասեցվեն։

Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը տեղի կունենա հունիսի 16-ին՝ ժամը 15.00-ին: Մինչ այդ, սակայն, Վարդազարյանը երկշաբաթյա ժամկետում հնարավորություն ուներ ներկայացնելու գրավոր պատասխան կամ առարկություն, որից ԲԴԽ-ն որոշակի հետեւություններ կաներ։ Սակայն դատավորի պատասխան չուղարկելը չի խոչընդոտում Բարձրագույն դատական խորհրդում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը:

Մենք տեղեկացանք, որ Վարդազարյանի կամ նրա շահերը պաշտպանող փաստաբան Արամ Օրբելյանի կողմից որեւէ պատասխան չի ուղարկվել ԲԴԽ։ Նա որոշ անակնկալներ է պատրաստել ԲԴԽ անդամների համար։ Մասնավորապես, նա եւ իր պաշտպանը հունիսի 16-ին ներկայանալու են նիստին եւ փորձելու են շոու անել՝ ցույց տալով նման կարգապահական վարույթ հարուցած գիտնական անդամների իրավական անգրագիտությունը, ու որ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար որեւէ օրինական հիմք չունեն։

Հիշեցնենք, որ թեեւ պաշտոնապես չի հայտարարվում, թե որն է վարչական վարույթի առիթը, բայց մենք պարզել էինք, որ Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթը ԲԴԽ անդամների մոտ ծագել է մայիսի 10-ին Armdaily.am կայքին նրա տված հարցազրույցից, որտեղ նա խոսել է Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի մասին ու կարծիք հայտնել այս գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման վերաբերյալ․ «Ակնհայտ է, որ որոշումը որեւէ աղերս չունի իրավաբանության հետ, սակայն նորից եմ կրկնում՝ կեցցե Սահմանադրական դատարանը»։

ԲԴԽ-ում կարծում են, որ նա, կարծիք հայտնելով Սահմանադրական դատարանի այս որոշման վերաբերյալ, խախտել է դատավորի չեզոքության սկզբունքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: