կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց իր պաշտպան Արամ Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց իր պաշտպան Արամ Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մայիսի 5-ին, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ընթացքում ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարեց, որ դադարեցնում է իր պաշտպան Արամ Օրբելյանի լիազորությունները։

«Ես շարունակելու եմ գործում ներգրաված լինել հետագա փուլերում՝ վերաքննիչ, վճռաբեկ եւ եվրոպական բողոքարկումների շրջանակներում»,- նշեց Օրբելյանը։

«Դատարանն այս ամիսների ընթացքում աշխատել է, որ ձեր պաշտպանության իրավունքը լիարժեք իրականացվի։ Բայց ստացվում է, որ այս ամիսների ընթացքում մենք դեռեւս նախապատրաստական մասում ենք պաշտպանական կողմի միջնորդությունների համար։ Հիմա մենք գործը չենք կարողանում շարունակել, որովհետեւ ձեր մյուս երկու պաշտպանները չկան, դուք էլ հայտարարում եք, որ պաշտպան Օրբելյանի լիազորությունները դադարեցնում եք։ Հիմա կարո՞ղ ենք մտածել գործի քննությանը խոչընդոտելու վարկածի մասին»,- ասաց դատավոր Վահե Դոլմազյանը։

Ռուբեն Վարդազարյանը հակադարձեց, որ իրականում հակառակն է տեղի ունենում․ նախագահող դատավորն է փորձում գործընթացը շատ արագացնել։

«Ես չեմ միջնորդում դատը հետաձգելու համար, դատախազը կարող է հանդես գալ մեղադրական եզրակացությամբ, ես կմնամ այստեղ, իսկ պարոն Օրբելյանը կարող է մնալ կամ գնալ, ազատ է այս պահից»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

Արամ Օրբելյանը դռնփակ ռեժիմի անցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց, ինչ բավարարվեց։

  • Կիսվել: