ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է․ փաստաբան

Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է․ փաստաբան

Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։ Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Գոռ Միքայելյանը՝ ընդգծելով, որ ձերբակալումն ըստ իրենց ապօրինի է։

«Պարոն Սուքիասյանը ձերբակալվել է, տեղափոխվել  ՁՊՎ։ Այս պահին որոշումը բողոքարկում եմ, որովհետև գտնում ենք, որ  այն ապօրինի է»,- նշեց փաստաբանը։

Նա հավելեց, որ Ռոբերտ Սուքիասյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ասել, որ պատրաստ է աջակցել նախաքննությանը, բայց  ձերբակալվում է «փախուստը կանխելու նպատակով», ինչն ըստ փաստաբանի ուղղակի անհնարին է։

 Գոռ Միքայելյանը նաև նշեց, որ ձերբակալման բողոքը շուտով կներկայացնի դատարան։

Հարցին թե արդյո՞ք հարցաքննվել է Սուքիասյանը՝ փաստաբանն ասաց, որ առայժ չի հարցաքննվել, ըստ էության դեպքի մասին որևէ տեղեկություն չի հայտնել։ «Կարծում եմ շուտով կհարցաքննեն»,- հայտնեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ  քննչական կոմիտեի հաղորդմամբ  «նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել»։

ՔԿ-ից հայտել էին նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

  • Կիսվել: