շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն անցնում է դռնփակ ռեժիմով

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն անցնում է դռնփակ ռեժիմով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Նիստի սկզբում դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ՀՀ-ից բացակայությունը թույլատրելու վերաբերյալ դիմումը։ Բացի այդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքագրված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին։

Նախագահի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն, որը դատավորը առաջնության կարգով պատրաստվում էր քննել։ Սակայն մեղադրող կողմն առարկեց, նշելով, որ պաշտպանները «անհարկի փորձում են ձգձգել դատական պրոցեսը և խոչընդոտել ապացույցների հետազոտումը»։

Այնուհետև դատավորը հայտարարեց, որ անցնում է ապացույցների հետազոտմանը, պատրաստվելով միջնորդությունները քննել 15։00-ին։ Պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ և պնդեցին, որ եթե այդ ապացույցների թույլատրելիությունը դրված է կասկածի տակ և եթե դրանք կարող են համարվել անթույլտարելի, այդ ապացույցները չի կարող հետազոտվել։

Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը 5 րոպե ընդմիջում խնդրեց՝ գործընկերների հետ խորհրդակցելու համար, սակայն դատավորը մերժեց։ Պաշտպանական կողմը ստիպված էր խորհրդակցել դահլիճից դուրս։ Նախագահ Քոչարյանն իր հերթին, նշեց, որ դատավորն անիմաստ լարվածություն է ստեղծում։

Այն պահին, երբ Պետրոս Պետրոսյանը սկսեց ընթերցել ապացույցները, պաշտպան Ալումյանը միջնորդեց դրանք հետազոտել դռնփակ ռեժիմով։ Դռնփակ նիստը շարունակվում է մինչ այս պահը։

  • Կիսվել: