ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՔԾ-ն դիմել է դատարան կալանավորելու Նազարյանին․ Քննությունը կկայանա վաղը

ՀՔԾ-ն դիմել է դատարան կալանավորելու Նազարյանին․ Քննությունը կկայանա վաղը

Հատուկ քննչական ծառայությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրել և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Այդ մասին InfoPort.am-ին տեղեկացրեց Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը։ Միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը։
 
Բացի այդ, Խաչիկյանն ասաց, որ պաշտպանական կողմը համարում է, որ Նազարյանի ձերբակալությունը ապօրինի է և այդ պատճառով ձերբակալության դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Սակայն բողոքի քննույթունն արդեն երկու անգամ հետաձգվել է։ «Քննիչը մի անգամ չի ներկայացել՝ պատճառաբանելով զբաղված լինելը և դրանից հետո երկրորդ անգամ հետաձգվեց՝ պատճառաբանելով, թե ձերբակալության դեմ բողոքը կմիացվի կալանքի միջնորդությանը և կքննվի միասին, վաղը»,-մեզ հետ զրույցում փոխանցեց փաստաբան Խաչիկյանը։
 
Ռոբերտ Նազարյանը մեղադրվում է առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Խոսքը, հիշեցնենք, «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության մասին է, որը կապ ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։
 
Ըստ ՀՔԾ հաղորդագրության, Նազարյանը իր գործունեության ընթացքում արտոնյալ պայմաններ է ստեղծել այդ ընկերության համար և «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանի սակագները մինչ այդ կիրառվող մեթոդիկայի փոխարեն կիրառվել են փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկայի համաձայն։
 
Արդյունքում 26,4 Մվտ տեղակայված հզորության «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանը, առանց հիմնավորման, ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում՝ օգտվելով հիշյալ տեսակի կայանների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավել բարձր և կայուն սակագներով էլեկտրաէներգիա վաճառելու հնարավորությունից։
 
Փաստաբանը ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ նշված տվյալները անիրական է համարում, և նշվածը իրականությանը չի համապատասխանում։
 
«Ներկայացված հաղորդագրության տեքստը, բովանդակությունը բացարձակապես իրավական առումով չի համապատասխանում իմ վստահորդի կատարած գործողություններին։ Համոզված ենք, որ ամեն ինչ կպարզվի, և իմ վստահորդը կարդարացվի», - հավելեց փաստաբան Խաչիկյանը։
 

  • Կիսվել: