շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե այդպիսի բան լիներ, մենք իրավապահներին հաղորդում կտայինք․ Փաստաբանը՝ Նազարյանին ճնշելու մասին

Եթե այդպիսի բան լիներ, մենք իրավապահներին հաղորդում կտայինք․ Փաստաբանը՝ Նազարյանին ճնշելու մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի փաստաբան Գագիկ Խաչիկյանը, ըստ էության հերքում է տեղեկությունները, որ իրավապահները ճնշում են գործադրել Նազարյանի վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալու համար։
 
«Ես չգիտեմ՝ ովքեր են տարածում նման տեղեկություններ, գուցե այդ տարածողներից հարցնեք։ Բայց ես այդպիսի տեղեկություն չեմ տրամադրել», - InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որը Ռոբերտ Նազարյանի նկատմամբ ՀՔԾ-ում ճնշում է գործադրվել ընդդեմ Սերժ Սարգսյանի ցուցմունք տալ։
 
Դիտարկմանը, թե ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է նման բան հայտարարել, փաստաբան Խաչիկյանը արձագանքեց․
 
«Դե ուրեմն իրենից էլ հարցրեք։ Ես նման բան չեմ տարածել»։
 
Այդուհանդերձ, փորձեցինք հստակեցնել՝ արդյոք իրավապահ որևէ մարմնի կողմից ճնշում եղել է Նազարայնի դեմ, որպեսզի վերջինը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տա, փաստաբանը ընդգծեց․
 
«Եթե պարոն Նազարյանի նկատմամբ ճնշում եղած լիներ և եթե նա այդ մասին դժգոհություն ունեցած լիներ, մենք իրավապահներին հաղորդում տված կլինեինք»։
 
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը երեկ հայտարարել էր, որ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնում իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Մասնավորապես, հաղորդվել էր, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Խոսքը «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության մասին է, որը կապ ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ։

  • Կիսվել: