երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ-ում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մերժումը հակասում է ԵԱՏՄ-ի՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին. Փաշինյան

ՌԴ-ում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մերժումը հակասում է ԵԱՏՄ-ի՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին. Փաշինյան

Ռուսաստանում ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մերժումը հակասում է Եվրասիական տնտեսական միության՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքին։ Այս մասին այսօր, ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ վարորդական իրավունքի ճանաչման հարցը քննարկելու հնարավորություն ունեցել է դեռևս 10 տարի առաջ, երբ ԱԺ պատգամավոր էր: Ռուս գործընկերները հայտնել են ՌԴ հրապարակային դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ վարորդական իրավունքները չեն կարող ճանաչվել ՌԴ–ում, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի պետական կամ որևէ հատուկ կարգավիճակ։

«Ես ասում էի` եթե հարցն այն է, որ ՌԴ-ում աշխատող հայ վարորդները ռուսերեն իմանան, ապա ՀՀ-ում կարգավիճակ ունենալը կամ չունենալն այստեղ շատ բան չի փոխի»,-նշել է վարչապետը:

Ըստ նրա՝ նման մոտեցումը չի կիրառվում ՀՀ–ում աշխատող ռուսաստանցիների, այդ թվում՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում ժամանած բազմաթիվ ռելոկանտների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։

  • Կիսվել: