շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առաջին օրից ասել եմ, որ սպասելի էր. Դավիթ Հարությունյանը՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին

Առաջին օրից ասել եմ, որ սպասելի էր. Դավիթ Հարությունյանը՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին

Ինձ համար այս որոշումն անսպասելի չէր։ Այս մասին այսօր ասաց առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից իր լիազորությունների դադարեցմանը․

«Առաջին օրից ասել եմ, որ սպասելի էր։ Իրենք որևէ միջնորդության չէին անդրադարձել։ Վերջին հնարավորությունն էր տրված խորհրդին, որ անդրադառնան, բայց իրենք առհասարակ որևէ միջնորդության չեն անդրադարձել, որոշում չեն կայացրել։ Այդ որոշումները չեն հրապարակել, չեն պատճառաբանել, նշել են, որ դա կարվի խորհրդակցական ակտում։ Դուք նույնիսկ տեսաք, որ դատական ակտի հրապարակումը, որը ենթադրվում էր, որ պետք է լինի դռնբաց դատական նիստերի դահլիճում, փաստացի էլի փակ դռների հետևում էր։ Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, դա փորձի բացակայություն է, փորձում են ուղղակի այդ ընթացքում օգտագործել բարեխիղճ անձանց։ Դա արդարացնել ուղղակի հնարավոր չէ։ Այսքան մարդու օգտագործել, կարգադրիչներին պատնեշ սարքել, նիստերի դահլիճում դեպարտամենտի աշխատակիցներին նստեցնել, իբր թե դահլիճը զբաղեցված է։ Փորձ չարեցին գոնե իմիտացիա ստեղծել, որ մի բան գոնե օրենքով է եղել։ Այստեղ գրված է ԲԴԽ, սա ուղղակի ցուցանակ է։ Պատմուճանը հագցնելով կամ հրաման ստորագրելով՝ անձը դատավոր չի դառնում»։

Նա նշեց, որ ԲԴԽ-ն պետք է դատավորների համար օրինակ ծառայի, սակայն հակառակն է լինում։ Եթե առնվազն երկու հոգի խորհրդից քվեարկած չլինեին, խախտման մասին խոսք չէր կարող լինել և միջնորդությունը չէր կարող բավարարվել։ Առնվազն հնարավոր է և չի բացառվում, որ մեկ հոգի դեմ եղած լինի, կամ չեմ զարմանա, որ 2-3 հոգի դեմ եղած լինեն, և այսպիսի որոշում հրապարակվեր։ Ամեն մարդ ինքն է իր ճակատագիրն ընտրում, թե ինչ ուղղով գնա»։

Նա ավելացրեց, որ կակտիվացնի Եվրոպական դատարանում վճռի դեմ ներկայացված աշխատանքները.«Ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկելու առումով հաղորդում եմ ներկայացնելու, հարցը կքննվի»։

  • Կիսվել: