կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քրգործի նախաքննությունն ավարտվել է, Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքում մի շարք ձևակերպումներ կեղծ են. փաստաբան

Քրգործի նախաքննությունն ավարտվել է, Տարոն Մարգարյանին առաջադրված մեղադրանքում մի շարք ձևակերպումներ կեղծ են. փաստաբան

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը, անդրադառնալով ՔԿՀ կողմից Մարգարյանի դեմ հարուցված գործը մեղադրական եզրակացությամբ Գլխավոր դատախազություն ուղարկելուն, նշել է, որ մեղադրանքում առկա մի շարք ձևակերպումներն ուղղակի կեղծ են։ Այս մասին փաստաբանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Ավարտվել է Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրգործի նախաքննությունը: Կազմվել է մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և քրգործը Երևանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

«Շուրջ 3 տարի 6 ամիս տևած քրեական գործի նախաքննության իմիտացիային հաջորդեց ՔԿ հրապարակումը, համաձայն որի Տարոն Մարգարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Պետք է փաստեմ, որ քննարկվող քրեական գործի 23 հատորից բաղկացած նյութերում ոչ միայն առկա չէ փաստական տվյալների բավարար համակցություն Մարգարյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար, այլև առկա չէ որևէ փաստական տվյալ, ինչը թեկուզ կասկած կհարուցի Տ․Մարգարյանի կողմից իր պաշտոնավարման ընթացքում որևէ տեսակի ոչ իրավաչափ արարք կատարելու մասին։

Դեռ ավելին՝ Մարգարյանին առաջադրված մեղադրանքում առկա մի շարք ձևակերպումներ ոչ թե պարզապես չեն բխում քրեական գործի նյութերից, այլ ուղղակի կեղծ են»,-ասվում է գրառման մեջ։

Փաստաբանը նշել է նաև, որ քրգործի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս ՔՕ 308-րդ, 314-րդ և 336-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանցակազմերի հատկանիշները, որոնք վերաբերվում են նախաքննություն իրականացրած քննիչի և դատավարական ղեկավարում իրականացրած դատախազի գործողություններին։

«Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատախազի կողմից կկայացվի օբյեկտիվ որոշում և պարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող այս զավեշտալի քրեական հետապնդումը կդադարեցվի, հակառակ դեպքում իմ կողմից նշված հանգամանքները կապացուցենք հրապարակային դատաքննության ընթացքում»,-ասվում է գրառման մեջ։

  • Կիսվել: