ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արթուր Դավթյանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի մասին․ Քրեական գործ է հարուցված գործարքի մասով

Արթուր Դավթյանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի մասին․ Քրեական գործ է հարուցված գործարքի մասով

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում էր դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Նա հայտնեց, որ 2021 թվականի ընթացքում բացահայտվել է ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ, 23 շարժական գույք։

Հանձնաժողովի ՔՊ–ական անդամ Արփի Դավոյանը գլխավոր դատախազին հարցեց, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործարքի մասին․  «Դուք ասել էիք՝ տարակուսած եք, թե ինչպես էր վաճառվել նախկին պաշտոնյայի՝ կալանքի տակ գտնվող գույքը: Ասել էիք նաև, որ քննիչը շտապել է և առանց դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին՝ գրություն է ուղարկել Կադաստրի կոմիտե: Սա եթե Ձեզ մոտ տարակուսանք է առաջացրել, պատկերացրեք՝ մեզ մոտ ինչ է առաջացրել, ի՞նչ եղավ, որ այդպես եղավ»։

Հարցին ի պատասխան Արթուր Դավթյանն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակում ունեն ձևավորված հաստատուն պրակտիկայից տարբերվող այլ իրադրություն և նաև մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ տեղի են ունեցել նաև գույքի հետ կապված գործարքներ, հիմքեր են առաջացել ստուգելու այդ հանգամանքները․«Դրա համար ԱԱԾ Քննչական մարմնում այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ՝ ՔՕ 308 հոդվածի հատկանիշներով, բայց արդեն կորսված իրավիճակ է․ կատարվելիքը կատարվել է»։

Դատախազությունը, սակայն, հիշեցնենք, արգելանք էր դրել Հովիկ Աբրահամյանի տան վրա, քանի որ այն պաշտոնեական լիազորությունների չարաշահման գործով իրեղեն ապացույց էր համարվել։ Քննությունը շարունակվել էր ավելի քան երեք տարի։

Անցած նոյեմբերին Աբրահամյանի որդին՝ Արգամը, դատարանից պահանջել էր չեղարկել առանձնատան վրա դրված սահմանափակումները։ Այնուհետև առաջին ատյանի դատարանը բավարարել էր դիմումը։ Գլխավոր դատախազությունը դիմել էր վերաքննիչ, սակայն Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը չսպասելով բողոքարկման արդյունքներին՝ դիմել էր Կադաստրի կոմիտեին տեղեկացնել, թե Աբրահամյանի ունեցվածքի վրա այլևս որևէ սահմանափակում չկա, ինչից հետո տեղի էր ունեցել գույքի վաճառքը։

  • Կիսվել: