ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քոչարյանի պաշտպանի ևս մեկ միջնորդության լուծում հետաձգվեց

Քոչարյանի պաշտպանի ևս մեկ միջնորդության լուծում հետաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց փոխել դատակոչի ցուցակը և հարցաքննության հրավիրել ևս 126 հոգի։

Ինչպես նշեց պաշտպանը՝ այս քրգործով որպես վկա մեղադրող կողմը ներգրավել է 984 անձի, որոնցից 872-ին՝ որպես վկա, 102-ին՝ որպես տուժող, և տասը անձ էլ տուժողների իրավահաջորդներն են։

Նրա խոսքով՝ այդ 102 և 126 անձինք նույն՝ մարտի 1-ի մայր գործով ճանաչվել են տուժող, սակայն դատակոչի ցուցակում չեն ներառվել։

Ալումյանը նշեց, որ դատարանն առանց քննարկման և պատճառաբանության որոշել է դատարան հրավիրել միայն այդ 102-ին։

՛՛Մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր վկային հրավիրել դատարան և հարցաքննել նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաներին՛՛,-ասաց պաշտպանը։

Նա, ելնելով սրանից, միջնորդեց ներկայացված հավելվածում թվարկված 126 տուժողների հրավիրել դատարան և հարցաքննել։ Ըստ Ալումյանի՝ նրանց մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են, նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ վնասվածք է ստացել և որոշակի տեղեկության է տիրապետում մարտի 1-ի իրադարձությունների մասին։

Պաշտպանն ասաց, որ իրենք պահանջում են պահպանել հավասարությունը կողմերի մեջ և պաշտպանական կողմի նկատմամբ կիրառել նույն մոտեցումը, ինչը և մեղադրող կողմի:

Ալումյանը հիշեցրեց, որ մեղադրող կողմի ներկայացրած դատակոչի ցուցակը իմպերատիվ բնույթ չի կրում, և դատավորը պարտավոր չէ ենթարկվել այդ անձանց հրավիրելու առաջարկին։

Նշենք, որ այս միջնորդության լուծումը հետաձգվեց մինչև գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։

Նշենք նաև, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը 13։00-ին։

 

 

  • Կիսվել: