կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է «2023 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

Ամփոփ ներկայացնելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնական խնդիրները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 512 այց է իրականացվել տարբեր հաստատություններ ու վայրեր:

Անդրադառնալով միջազգային համագործակցության հարթակում արձանագրված ձեռքբերումներին՝ զեկուցողը նշել է, որ Հայաստանի ՄԻՊ-ն առաջին անգամ ընդգրկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման մարմնում:

Անահիտ Մանասյանը խոսել է հասարակության շրջանում առկա անհանդուրժողականության եւ ատելության մթնոլորտի մասին: Նա նշել է, որ արձանագրվել են խնդիրները եւ նախանշվել են դրանց լուծման ուղիները: Մարդու իրավունքների պաշտպանը չափազանց կարեւորել է հանրային եւ քաղաքական գործիչների, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը՝ ատելության խոսքի եւ անհանդուրժողականության հակազդմանը:

Նշվել է, որ կառույցը հատուկ ուշադրություն է դարձրել խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքի իրացման, կալանքի, անմեղության կանխավարկածի, Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին. արձանագրվել են բազմաթիվ խնդիրներ:

Անահիտ Մանասյանը խոսել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում արձանագրված համակարգային խնդիրների մասին:

Նա մտահոգիչ է համարել երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ծավալը եւ դրանց վերաբերելի հարցերը, որոնք, ըստ զեկուցողի, պետք է ստանան պատշաճ հասցեավորում: Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով ՀՀ-ն պետք է ունենա երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման հստակ հայեցակարգ, ռազմավարություն:

Նշվել է, որ զեկույցում հատուկ անդրադարձ կա փաստաբանների գործունեության երաշխավորմանըգ մասնավորապես նկարագրվել են փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերը եւ ընդգծվել է դրանց անթույլատրելիությունը:

Ըստ Անահիտ Մանասյանի՝ զեկույցում բավականին ծավալուն ներկայացված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին վերաբերող հարցերը. կառույցի կողմից ցուցաբերվել է թե՛ աջակցություն եւ թե՛ արձանագրվել են խնդիրները:

Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Մասնավորապես, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հետաքրքրվել է՝ արդյոք պետական մարմինների կողմից ճնշումներ լինո՞ւմ են Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, եւ արդյոք այդ մասին նշվե՞լ է հաղորդման մեջ:

Ի պատասխան՝ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պետական մարմինների կողմից ճնշումներ չեն եղել: «Սովորաբար Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների նկատմամբ ամենամեծ վտանգը նկատվում է հենց պետական մարմիններից, հատկապես՝ գործադիր իշխանության մարմիններից: Հատուկ արձանագրեմ՝ եթե խոսքը պետական իշխանության մարմինների մասին է, ապա նշեմ, որ այս տարվա ընթացքում որեւէ դեպքով չեմ նկատել իմ անկախության նկատմամբ ոտնձգություն կամ իմ նկատմամբ ճնշում, քանի որ կարողացել եմ շատ ազատ խոսել բոլոր խնդիրների վերաբերյալ, կամ որեւէ խնդրի վերաբերյալ խոսելուց հետո չեմ ունեցել դրա հետ կապված այնպիսի արձագանք, որը կարող է իմ անկախության նկատմամբ ոտնձգության վերաբերյալ վկայել»,- մանրամասնել է Պաշտպանը՝ հույս հայտնելով, որ այս իրավիճակը կշարունակվի:

Նիստի ավարտին Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Մանասյանին կատարած աշխատանքների համար՝ նշելով, որ միջազգային բազմաթիվ կառույցների ներկայացուցիչներ, անցկացնելով մշտադիտարկում, դրական են գնահատել ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

 

  • Կիսվել: