ՔԿՀ-ում ժամկետանց դեղորայք առկա չէ․ նախարարության պարզաբանումը
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ կապված լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության հետ, թե ազատությունից զրկված անձանց ժամկետանց դեղորայք են տրամադրել։
Հայտարարությունը՝ ստորև՝
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության անձնակազմի ազատազրկված անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման շրջանակներում 21.12.2021-23.12.21թթ. իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանումում ժամկետանց դեղորայք առկա չէ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման շրջանառության ներքո է մոտ 503 դեղանուն, որոնց քանակական տրամադրումը ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է ըստ սպառման անհրաժեշտության՝ առանց սահմանափակումների: Այդ իսկ պատճառով, ազատազրկվածի հարազատի կողմից դեղորայք չի ընդունվում, բացառությամբ այն դեպքերի, երբ ազատազրկվածին ցուցված դեղամիջոցը տվյալ պահին առկա չէ ստորաբաժանման դեղատանը: Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձին ՊՈԱԿ-ի կողմից տրամադրվող դեղամիջոցներին, այն իրականացվում է բացառապես բժշկական ցուցման առկայության դեպքում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ազատազրկված անձանց բժշկական օգնություն է ցուցաբերում 24/7 ռեժիմով:
Վերջին երկու ամիսների ընթացքում «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմը համալրվել է նոր աշխատակիցներով և բուժօգնությունը դարձել է առավել հասանելի՝ յուրաքանչյուր մասնաշենքում մեկ բժիշկ և մեկ բուժքույր /նախկինում ստորաբաժանման 6 մասնաշենքերը սպասարկվել են 2 բժշկի և հերթափոխային մեկ բուժքրոջ կողմից/: «Արմավիր» ստորաբաժանումը համալրվել է նաև գիշերային հերթափոխ իրականացնող բուժանձնակազմը:
Հ.Հունանյանը գտնվում է բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում ստանալով անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես քայլեր են ձեռնարկվում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ: