ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔԿ-ն ՀՀ-ում համացանցի միջոցով թմրաշրջանառությամբ զբաղվող 6 կազմակերպված խումբ է հայտնաբերել

ՔԿ-ն ՀՀ-ում համացանցի միջոցով թմրաշրջանառությամբ զբաղվող 6 կազմակերպված խումբ է հայտնաբերել

Հայաստանի քննչական կոմիտեում քննվող քննչական գործերի նախաքննության շրջանակում  հայտնաբերվել են թմրաշրջանառությամբ զբաղվող վեց կազմակերպված խմբեր, որոնց կողմից կառավարվել են 30-ից ավելի «Տելեգրամ»-ի  ալիքներ, ինչպես նաև HYDRA հարթակի հինգ ալիքներ:

Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:

Նրա խոսքով՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր շուկայական արժեքը՝ ըստ իրենց կայքերում վաճառքի գների, գերազանցել է 250 միլիոն դրամը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում արդեն իսկ  հայտնաբերված դրամապանակներով կատարված գումարային շրջանառությունը գերազանցում է 700 միլիոն ՀՀ դրամը: «Բացի այդ կատարված խուզարկություններով Երևանում հայտնաբերվել են երեք բնակարաններ, որոնցում հատուկ սենյակներ  հարմարեցված են եղել թմրամիջոցների աճեցման համար: Հայտնաբերվել է նաև մեկ բնակարան, որը նախատեսված է եղել «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պատրաստման համար»,-ասաց նա:

Համբարյանը փաստեց, որ ներկայում անձը կարող է տանից դուրս չգալով պատվիրել և ստանալ թմրամիջոց առաքանու միջոցով:

«Ներկայում սև շուկայում հայտնվում են թմրամիջոցներ, որոնք դեռևս երեկ գոյություն չեն ունեցել: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ թմրամիջոցները իրենց հայտնվելու օրվանից հետո սկսում են շրջանառվել հասարակական վայրերում և ընդգրկում են հանրության լայն շրջանակներ, հիմնականում դեռահասների, ինչպես նաև երիտասարդների»,-ասաց նա՝ հավելելով, որ լինում են դեպքեր, երբ ներկրվում է թմրամիջոցի հումքը, ինչից հետո այն տեղում իրացվում և  դառնում է շուկայի համար նախատեսված:

  • Կիսվել: