կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քաղաքական շահերից ելնելով՝ ՄԻՊ-ի հայտարարությունները հերքելը կարող է վնաս հասցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը․ Թաթոյան

Քաղաքական շահերից ելնելով՝ ՄԻՊ-ի հայտարարությունները հերքելը կարող է վնաս հասցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը․ Թաթոյան

Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները, հայտարարելով, թե «ադրբեջանցիների տարածքն է, մենք ոչինչ չենք կարող անել», խնդիրներ են ստեղծում մեր սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքները պաշտպանելու հարցում, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի ներխուժման հետևանքով հայկական բնակավայրերի բնակիչների անվտանգային խնդիրներին և իրավունքների խախտումներին։

«Ես որոշ տեղեր քննարկումների ժամանակ լսում եմ, որ ասում են՝ սխալվել ենք կամ պաշտոնյաները սխալվել են, որ արել են այդպիսի հայտարարություններ, բայց դա ի՞նչ անելու սխալ է, եթե դրանով լեգիտիմացրել ենք ադրբեջանական իշխանությունների անօրինականությունները», - ընդգծեց Արման Թաթոյանը։

Նա նաև փաստեր ներկայացրեց՝ միջազգային կառույցներին ադրբեջանական զինծառայողների հեռանալու պահանջ ներկայացնելիս հնչում է կոնկրետ պատասխան։

«Շատ է լինում, որ ասում են՝ ախր գիտեք, դուք եք ասել՝ «ո՞նց հեռանան, իրենց տարածքներն են»։ Բայց երբ ներկայացնում եմ մարդու իրավունքների բոլոր խախտումները, խնդիրները, ակնհայտ է լինում, որ իրենց վերաբերմունքն էլ է փոխվում։ Դրա համար եմ ասում, որ պետք է օգտագործենք դա, ներկայացնենք խախտումները, խնդիրները», - ընդգծեց ՀՀ ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանը նշեց նաև, որ իր հրապարակային հայտարարությունները իշխանության ներկայացուցիչների կողմից հերքելը ևս մեծ խոչընդոտ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքները պաշտպանելիս։

«ՄԻՊ-ի հայտարարությունների հերքումները քաղաքական ներքին դժգոհություններ չառաջացնելու համար են արվում, բայց սա այն օրինակներից է, երբ քաղաքական շահերից ելնելով՝ կարող է վնաս հասցվել երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը և անվտանգությանը», - ասաց Արման Թաթոյանը։

  • Կիսվել: