շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Քաղաքական ակցիաներին թմբկահարած մարդն իրավունք չունի արդարադատություն իրականացնել. փաստաբան

Քաղաքական ակցիաներին թմբկահարած մարդն իրավունք չունի արդարադատություն իրականացնել. փաստաբան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանը նշեց, թե ինչու է դատարանի բան եկել թմբուկով:

Նշենք, որ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, որտեղ քննվում են մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործեր եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ, նախագահությամբ՝ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվում է Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նա, մասնավորապես, նշեց.  ՛՛Ես այս թմբուկը բերել եմ այստեղ՝ մարդկանց հիշեցնելու իրենց բնատուր մասնագիտացումը, որ վերջապես հանգիստ թողնեն իրավական համակարգը ու զբաղվեն այն գործով, ինչն իրենց համար հոգեհարազատ է:

Մենք ՀՀ-ում գտնվում ենք մի իրավիճակում, երբ տեսնում ենք, որ մարդիկ իրենց բնական մասնագիտությունները, հոգու ճիչը թողած՝ զբաղված են ՀՀ-ում իբր թե արդարադատություն իրականացնելով։ Այս մարդիկ իրավունք չունեն արդարադատության անունից խոսելու, արդարադատություն իրականացնելու։

Դատավոր դառնալու համար անձը պետք է որոշակի չափանիշների համապատասխանի, նաև քաղաքական զսպվածություն դրսևորի։ Այն մարդը, որը դատավորի հաստիքում հայտնվել է միմիայն այն պատճառով, որ հայտնվել է քաղաքական ակցիաների, թմբկահարել է, իրավունք չունի արդարադատություն իրականացնել՛՛։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել: Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։

Նշենք նաեւ, որ Բորիս Բախշիյանը ՛՛Սիսական՛՛ ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։:

  • Կիսվել: