ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊՎԾ նոր նախագծով հստակեցվել են ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները

ՊՎԾ նոր նախագծով հստակեցվել են ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները

Պետական վերահսկողական ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը։

Նշվում է, որ ծառայության շուրջ 5 տարվա գործունեության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝

1) Օրենքով հստակ բնորոշված չեն վերահսկողական գործառույթները, դրանց իրականացման շրջանակը,

2) Օրենքով կարգավորված չեն ուսումնասիրության հանձնարարագրում փոփոխություններ կատարելու կարգավորումները,

3) Օրենքով կարգավորված չեն նաև ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում դրա կասեցման կամ դադարեցման հետ կապված հարաբերությունները,

4) Օրենքում Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը որոշակի չեն,

5) ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ֆինանսաբյուջետային հսկողության իրականացումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը վերապահելու գործընթացի ապահովմանն ուղղված՝ օրենսդրական կարգավորումների նախատեսում,

6) Ծառայության կողմից իրեն վերապահված լիազորությունների ամբողջական և առավել արդյունավետ իրականացման նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում տիրապետել բժշկական գաղտնիք համարվող տվյալների, մինչդեռ օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ առանց տվյալների սուբյեկտի համաձայնության դրանց տրամադրման հնարավորությունը,

7) Օրենքով կարգավորված չեն նաև մի շարք այլ, այդ թվում՝ օրենսդրական տեխնիկային վերաբերելի հարցեր։

«Նախագծով հստակեցվել են Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները:

Նախագծով նախատեսվել է ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում այն կասեցնելու/դադարեցնելու իրավական հնարավորությունը:

Հաշվի առնելով, որ Ծառայության առջև դրված խնդիրների լիարժեք լուծման նպատակով երբեմն անհրաժեշտություն է առաջանում վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցներին պահանջելու ներկայանալ Ծառայություն` պարզաբանումներ ներկայացնելու, աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով՝ Նախագծով նաև նախատեսվել է, որ Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս կարող է ներկայացնել նման պահանջ:

Նախագծով վերացվել են Օրենքի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի հետ ունեցած անհամապատասխանությունները, լուծվել են մի շարք, այդ թվում՝ տեխնիկական բնույթի հարցեր:

Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական լիազորությունների շարքում ավելացվել է նոր՝ ֆինանսաբյուջետային դիտարկում, այդ թվում՝ հանդիպակաց ֆինանսաբյուջետային դիտարկում գործիքները, որոնց շրջանակներում անհրաժեշտություն է փոփոխություններ կատարել նաև «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներում:

Լիազորությունների շարքը լրացվել է նաև նոր լիազորությամբ, այն է՝ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացում:

Օրենքի նոր խմբագրությամբ շարադրելու պայմաններում՝ անհրաժեշտություն է առաջացել ՝
– Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսել վարչական պատասխանատվություն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար.

– Քրեական դատավարության օրենսգրքում կատարել լրացում՝ նախատեսելով, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատողը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողության առնչությամբ, բացառությամբ վերահսկողության ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի, որպես վկա չի կարող հարցաքննվել կամ առարկաներ, փաստաթղթեր կամ այլ նյութեր ներկայացնել:

– լրացում կատարել նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում` հստակեցնելով վարչապետի վերահսկողական լիազորությունների հասկացությունը և ՀՀ ֆինանսների նախարարությանը վերապահված գործունեության հիմնական ոլորտից հանելով ֆինանսաբյուջետային վերահսկողության ոլորտը:

– փոփոխություններ կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներում:

– Փոփոխություն կատարել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում՝ նախատեսելով, որ բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կարող են տրամադրվել նաև Ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում»,-նշվում է հիմնավորման մեջ։

  • Կիսվել: