շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պրոբացիայի ծառայողները զինվորական կենսաթոշակի իրավունք կստանան. նախագիծ

Պրոբացիայի ծառայողները զինվորական կենսաթոշակի իրավունք կստանան. նախագիծ

Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանության տվեց կառավարության հեղինակած նոր օրենքի նախագծին, որով առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ:

Պրոբացիայի ծառայության մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը:

Բալյանը նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, հանդիսանում է պատիժ կատարող մարմին և ապահովում է տուգանք, հանրային աշխատանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման, օտարերկրյա քաղաքացուն ՀՀ տարածքից վտարելու պատիժների կատարումը: Ծառայությունն ապահովում է տնային կալանք և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների կատարումը, վերահսկողություն է իրականացնում պատիժները պայմանականորեն չկիրառելու, պատժի կատարումից ազատելու, պատժի պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ:

«Առաջարկվում է Պրոբացիայի ծառայությունը նախատեսել որպես պետական ծառայության առանձին տեսակ: Ներկայացված փաթեթով կարգավորվում են Պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները, ծառայության անցնելու կարգը և պայմանները և այլն»,-ասաց Բալյանը:

Պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվեց, թե պետական բյուջեի վրա որքա՞ն ծախս է ավելանալու: Փոխնախարարն ասաց, որ ներկայիս տարեկան հատկացվող բյուջեի վրա զուտ որպես աշխատավարձ տարեկան ավելանում է մոտ 70 մլն դրամ: «Նախագծով առաջարկվում է ներդնել նաև ատեստավորման համակարգ, որը բարեհաջող անցնելու դեպքում պրոբացիայի ծառայողը կունենա ավելի բարձր աշխատավարձ ստանալու իրավունք: Դրա հաշվարկները դեռ չկան»,-ասաց Բալյանը:

Հարակից զեկուցող Արփինե Դավոյանն ընդգծեց, որ ներկայումս արդարադատության նախարարության ենթակա մարմիններ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և Քրեակատարողական ծառայությունն ունեն հատուկ կարգավիճակ, երկուսն էլ հանրային ծառայության առանձին տեսակներ են: «Թեև Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների միջև առկա են մի շարք նմանություններ, այնուամենայնիվ, Պրոբացիայի ծառայությունը, հանդիսանալով քաղաքացիական ծառայություն, չի օգտվում այն սոցիալական երաշխիքներից, որոնք սահմանվել են ոչ միայն Քրեակատարողական, այլ նաև Հարադիր կատարումն ապահովող ծառայության համար: Պրոբացիայի ծառայողներին և Քրեակատարողական ծառայողներին տրամադրվող սոցիալական երաշխիքների միասնականացման նպատակով նախագծով առաջարկվել է Պրոբացիայի ծառայողների համար սահմանել զինվորական կենսաթոշակի իրավունք»,-ասաց պատգամավորը:

Նախագիծը դեկտեմբերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

  • Կիսվել: