շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թոշակ կամ նպաստ ստանալու համար պարտադիր պայման է, որ արցախցիները հաշվառվեն ՀՀ բնակության վայրի հասցեով

Թոշակ կամ նպաստ ստանալու համար պարտադիր պայման է, որ արցախցիները հաշվառվեն ՀՀ բնակության վայրի հասցեով

Հոկտեմբերի 26-ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է հաղորդում:
 
Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
 
Այսինքն՝ անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
«Մեր հայրենակիցների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրակական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում:
 
Մասնավորապես՝ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ (եթե ԼՂ-ում ստացել են կենսաթոշակ), երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։
 
Եթե անձը ԼՂ-ում չի ստացել կենսաթոշակ, ապա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:
 
Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում:
Տեղեկացնում ենք, որ ԼՂ մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակ կվճարվի հոկտեմբերի 28-ից սկսած:
 
Կարևոր դիտարկում․ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պայման է ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը: Սա նշանակում է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելը պետք է հաշվառվեն այն վայրի հասցեով, որտեղ տվյալ պահին բնակվում են։ Հակառակ դեպքում նրանց դիմումները կմերժվեն»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: