հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Փոփոխություններ և լրացում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում

Փոփոխություններ և լրացում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում

Մարտի 15-ի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել երեք հիմնական փոփոխություն, որի արդյունքում կապահովվի խոշտանգումների և ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննության իրականացումը պետական մարմինների ենթակայության տեսանկյունից անկախ մարմնի կողմից:

Փոխնախարարի տեղեկացմամբ` գործող Քրեական դատավարության օրենսգրքով խոշտանգման հանցակազմով գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում, ինչը, սակայն, հակասում է միջազգային մի շարք ստանդարտներին, որոնցում նշված է, որ նմանատիպ հանցագործությունների քննման համար պետք է ընտրվի այնպիսի քննչական մարմին, որը թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ գործառութային տեսանկյունից անկախության ավելի բարձր երաշխիքներ  ունի:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ԱԱԾ-ն չի կարող քննել նմանատիպ գործերը:

Ուստի առաջարկվում է այդպիսի քննչական մարմին դիտարկել ՀՀ քննչական կոմիտեին: Իսկ Քննչական կոմիտեի քննիչների կողմից կատարված խոշտանգման դեպքերի քննությունը, բացառելով բոլոր քննչական մարմիններին, առաջարկվում է տալ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է երեք ընտրական հանցագործություններով` 149-րդ, 150-րդ, 151/1-րդ հոդվածների քննությունը, որն այս պահին գտնվում է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ևս վերապահել Քննչական կոմիտեի քննիչների ենթակայությանը: Նախարարի տեղակալի խոսքով` այսօր բոլոր ընտրական հանցագործությունները, որոնք կոռուպցիոն տարրեր չունեն, քննում է հենց Քննչական կոմիտեն:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցով կարևորել է օրենսդրական փաթեթը` այն համարելով արդիական:

Օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: