երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամփոփվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական խմբի աշխատանքները

Ամփոփվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական խմբի աշխատանքները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ դեկտեմբերի 29-ին  տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, աշխատանքային խմբին են ներկայացվել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված կարծիքները, դրանց ամփոփման արդյունքում կազմված վերջնական նախագծերի հիմնական կարգավորումները:

Ամփոփվել է նաև նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման արդյունքներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի N 40-Ա որոշման 3-րդ կետը, աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից հանձնարարվել է կազմել պետությանը կամ համայնքներին պատճառված վնասի վերականգնված գումարի հաշվառման, դրա տնօրինման ոլորտում ծագած խնդիրների կանոնակարգման նպատակով իրավական կարգավորումների վերանայման և դրանց գործնական կիրառման լուծումներով համակարգի վերաբերյալ եզրակացություն, որը առաջարկվող օրենսդրական կարգավորումների հետ մեկտեղ ներկայացվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

  • Կիսվել: