Խոսքը գնում է մեծահասակներից օգնություն խնդրելու ունակությունների մասին. պատգամավոր
Կոնվենցիայի՝ սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաներին պաշտպանելու կամ մանկապղծության դեմ դրույթներից մեկը վերաբերում է կրթությանը։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե Լանզարոտի կոնվենցիայով 6-7 տարեկան երեխաները սեռական դաստիարակության մասին ի՞նչ են սովորելու:
Նրա խոսքով, այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ունենալ միջոցներ՝ երեխաների սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր վտանգներից և ռիսկերից առաջին ազդանշանները ճանաչելու, ինքնապաշտպանվելու ունակություններ տալ:
«Սա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաները պետք է սովորեն՝ ինչ է առհասարակ սեռական անձեռնմխելիությունը: Սրանք դժվար բառեր են և դժվարամարսելի են նաև որոշ չափահաս քաղաքացիների համար, ուր մնաց թե փոքր երեխաների: Այսինքն, այստեղ խնդիրը երեխայի տարիքին հարմարեցված, նրա կարիքներին, ունակություններին, հետաքրքրություններին համապատասխան ունակությունների տրամադրումն է, թե չափահաս անձի վարքում հնարավոր վտանգի դեպքում ինչպես ճանաչել այդ ազդանշանները և ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասկաներից, որ իրենց սեռական անձեռնմխելիությունը պաշտպանված լինի»,- ընդգծեց Մարիա Կարապետյանը։
Նա նաև նշեց՝ տրամաբանական է, որ երեխաներին խնդրի հետ կապված ռիսկերը պետք է սովորեցնել վաղ տարիքից, քանի որ այդ տարիքում են նրանք խոսցելի։
«17-18 տարեկան աղջիկներն ու տղաներն ավելի ունակ կլինեն իրենց պաշտպանելու, եթե տարրական և միջնակարգ դպրոցում նրանց տվել են իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ»,- ասաց Մարիա Կարապետյանը։
Նա միաժամանակ նշեց, որ ոչ ոք չի պատրաստվում Քրեական օրենսգիրքը դասավանդել երեխաներին կամ նրանց մանրամասնությամբ նկարագրել նրանց սեռական անձեռնմխելիության նկատմամբ հնարավոր հանցագործությունները։
«Այս կերպ մտածելը բանական չէ: Խոսքը գնում է մեծահասակներից օգնություն խնդրելու տարական ունակությունների մասին։ Կոնվեցիան նաև նշում է, որ այս տեղեկատվությունը երեխաներին տրամադրելը նախևառաջ ծնողների պարտականությունն է, բայց ինչ-ինչ պատճառներով գուցե ծնողը երեխայի դաստիարակությանը ժամանակ չի հատկացնում։ Երբ նայում ենք ահասարսուռ վիճակագրությանը՝ տարեկան մինչև 100 սեռական բնույթի ոտնձգություն անչափահասների նկատմամբ, այո, դրանք հաճախ խոցելի ընտանիքներում են տեղի ունենում, որտեղ ծնողները բավականաչափ հմտություններ և ժամանակ չունեն իրենց երեխաներին նման գիտելիքներ տրամադրելու համար։ Եվ սա պետության ու հանրության պարտավորությունն է՝ հանրակրթության միջոցով երեխաներին սեռական դաստիարակության մասին գիտելիքներ տալը»,- եզրափակեց խոսքը Մարիա Կարապետյանը։


