ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատրաստ են դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման արդյունքները

Պատրաստ են դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման արդյունքները

Հունիսի 14-ին կայացել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից մասնակցային եղանակով մշակած ՀՀ դատական և իրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման զեկույցների ներկայացման շնորհանդեսը։

Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 50 ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, իրավաբաններ, փաստաբաններ և այլն։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն իր բացման խոսքում անդրադարձավ երկու զեկույցների արդյունքներին, վեր հանված խնդիրներին։

«Ներկա փուլում մասնագիտական քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները ունեն մեկ գերխնդիր` այն է վերահսկել կառավարության կողմից հակակոռուպցիոն, դատաիրավական, ՄԻՊ, ոստիկանության և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այլ ոչ թե նախաձեռնեն նոր համակարգային բարեփոխումներ: Եվ մասնագիտական քաղհասարակության անկախ կազմակերպությունների և կառավարության փոհարաբերությունները պետք է կառուցվեն այս ուղենիշի վրա: Մասնագիտական քաղհասարակության անկախ կազմակերպությունները պետք  է հասարակական վերահսկողության ենթարկեն վերը նշված ոլորտների բարեփոխումների ռազմավարություններն ու ընթացքը, վեր հանեն բացերը, խնդիրները, կոռուպցիոն ռիսկերը և, այդ ռազմավարությունների բարելավման մասնագիտական առաջարկությունների տեսքով, դրանք ներկայացնեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններին, միջազգային կազմակերպություններին և հանրությանը»,-նշեց նա:

Կարեն Զադոյանի խոսքով՝ կառավարությունը  հանձինս իր ոլորտային մարմինների, պետք է ցուցաբերի պրոֆեսիոնալ մոտեցում և ըմբռնում` վերոնշյալ ոլորտներում հասարակական վերահսկողություն իրականացնող  մասնագիտական քաղհասարակության անկախ կազմակերպությունների հետ համագործակցելու, առաջարկությունների հետ հաշվի նստելու և ոլորտային ռազմավարությունների բարելավման համար դրանք կիրառելու համար:

«Արդարադատության ոլորտի լիազոր մարմինները պետք է զերծ մնան յուրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միայն ցուցադրական, ոչ արդյունավետ փոխահարբերությունների կառուցումից և անցում կատարեն մասնագիտական ՔՀԿ-ների հետ հորիզոնական արդյունավետ փոխհարաբերությունների, որոնք արդարադատության ոլորտում յուրաքանչյուր քաղաքացու կյանքում կբերեն դրական փոփոխություններ»,-ասաց նա։

Դատաիրավական և հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, դատաիրավական ռազմավարությունից բխող գործողությունների պլաններով հաշվարկվել են 103 գործողություն և ենթագործողություն, որից ժամկետում կատարվել է միայն 32%-ը։

«Գործողությունների կեսից ավելին՝ 56%-ը չի կատարվել, իսկ շուրջ 10%-ը կատարվել է ժամկետի որոշակի կամ էական խախտմամբ։ Գործողությունների մի մասի իրավական վերլուծությունը, ինչպես նաև գործողությունների թերակատարումը թույլ է տալիս եզրակացնել, որ Ռազմավարությամբ սահմանված նպատակները չեն իրականացել, մասնավորապես չի ամրապնդվել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, էականորեն չեն բարելավել դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերը, իսկ օրենսդրական բարեփոխումները չեն իրականացվել նախատեսված ծավալներով և բովանդակությամբ»,-ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված և 2021 թվականին իրականացման ենթակա 46 գործողություններից կատարվել է 19-ը (41%), մասնակի կատարվել է 19-ը (41%), իսկ մնացած 8 գործողությունը կա՛մ ընդհանրապես չի կատարվել, կա՛մ կատարման առաջընթացը բավարար չէ գործողության կատարումը «մասնակի» գնահատելու համար (18%)։

«Ընդհանուր առմամբ, Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ծրագրի կատարողականը կարելի է գնահատել «միջին»՝ հաշվի առնելով, որ ամբողջությամբ կատարված գործողությունների մասնաբաժինը ցածր է 50%-ից, իսկ մասնակի կատարված գործողությունների մասնաբաժինը մոտ է 50%-ին»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Ռազմավարությունների կատարման մշտադիտարկման հիմնական խնդիրը ռազմավարության և գործողության պլանների ծավալուն և կառուցվածքային առումով դժվարամատչելի լինելն է եղել․ այս մասին նշեց սոցիոլոգ Սոնյա Մսրյանը։ Նրա խոսքով՝ եղել են նաև գործողություններ, որոնք կամ նմանատիպ են եղել, կամ կրկնվել են, ինչը կարող էր բարդություն ստեղծել նաև գործողությունների պլանի իրականացման ժամանակ կամ առաջացնել որոշակի հակասություններ։ «Առաջարկվում է նմանատիպ գործողությունների պլան մշակելիս հնարավորինս պարզեցնել նման պլանների կառուցվածքը՝ բացառելով գործողությունների կրկնողությունները և համանման գործողությունները խմբավորել»,-ասաց Սոնյա Մսրյանը։

Միջոցառման ավարտին ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ Հայաստանի համար վճռորոշ այս փուլում ռազմավարությունները պետք է իրականացվեն ոչ թե միջազգային կազմակերպությունների հորդորներով՝ որոշակի ֆինանսական միջոցներ ստանալու ակնկալիքով, այլ դրանք պետք է դարձվեն իրապես բարեփոխումների ուղենիշ, տեսլական, որոնց իրականացմամբ դրական փոփոխություններ կբերվեն քաղաքացիների կյանքում։

  • Կիսվել: