ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Պատրաստ եմ հասնել մինչեւ Եվրոպական դատարան. Վարդազարյանը՝ իր եւ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրության գործի կարճման մասին

Պատրաստ եմ հասնել մինչեւ Եվրոպական դատարան. Վարդազարյանը՝ իր եւ Ջհանգիրյանի զրույցի ձայնագրության գործի կարճման մասին

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը բողոքարկելու է իր եւ ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, նախկին անդամ Գագիկ Ջհանգիրյանի զրույցից հրապարակված ձայնագրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը կարճելու քննիչի որոշումը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը:

«Ես որոշմանը համաձայն չեմ, բողոքարկելու եմ: Ինձ համար միանշանակ սպասելի որոշում էր: Ըստ էության, ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ քննչական գործողություններ՝ գործը կարճելու նպատակով: Այս գործով առնվազն ես պետք է ճանաչվեի տուժող, այնուհետեւ, այդ դատավարական կարգավիճակն ունենալով, պետք է հարցաքննվեի քրեական գործով անցնող մյուս վկաների հետ, որովհետեւ շատ վկաների ցուցմունքները իմ ցուցմունքին չեն համապատասխանել, բայց դա տեղի չունեցավ»,- նշեց Վարդազարյանը:

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ այս բողոքարկումից եւս սպասելիքներ չունի, սակայն գործընթացը պարտադիր է Եվրոպական դատարան հասնելու համար:

«Օրեր առաջ Եվրոպական դատարանը դատավոր Սամվել Մնացականյանի վերաբերյալ որոշում էր կայացրել, որով հստակ նշել է, որ դատավորներն ունեն արդար դատաքննության իրավունք, այսինքն՝ ԲԴԽ-ի եւ Արդարադատության խորհրդի որոշումները ենթակա են բողոքարկման դատական կարգով: Ես այդ որոշմանը մինչեւ վերջ դեռ չեմ ծանոթացել, բայց կարծում եմ՝ մեր գործերը գրեթե նույնական են, եւ նույն նախադեպը կգործի նաեւ իմ գործի դեպքում: Ես պատրաստ եմ արդարության հասնելու համար ամեն ինչի, այդ թվում՝ միանշանակ նաեւ Եվրոպական դատարան դիմելու»,- ընդգծեց Վարդազարյանը:

Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է գնահատում ԲԴԽ-ում վերջին ամիսներին եղած փոփոխությունները, սակայն նա նշեց, որ դրա վերաբերյալ այս պահին մեկնաբանություն չի կարող տալ:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան, ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին, ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։

Գագիկ Ջհանգիրյանը նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել էր: Հանձնաժողովը գտել էր, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը: Իսկ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, առողջական խնդիրները մատնացույց անելով, հրաժարական  տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից:

Հունիսի 4-ին՝ ԲԴԽ նախագահի ընտրության ժամանակ գիտնական անդամներից որեւէ մեկը չընտրվեց նախագահի պաշտոնում: Քանի որ ԲԴԽ ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը, հրաժարվել է կատարել ԲԴԽ նախագահի պարտականությունները, դրանք կատարում ավագ մյուս անդամը՝ Սերգեյ Չիչոյանը: Հոկտեմբերի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվեց Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը:

  • Կիսվել: