հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. միջնորդությունը մերժվեց

Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. միջնորդությունը մերժվեց

Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր շարունակվել է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը:

Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Միջնորդության հիմքն այն է, որ գործերը քննվում են դատարանում՝ բացառապես մեղադրանքի շրջանակներում, սակայն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել 2003 թվականին ընդունված ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչը, ըստ Օրբելյանի, չկա նոր ՔՕ-ում, դա նշանակում է, որ դատարանում չի կարող քննվել գործ մի հոդվածի վերաբերյալ, որն ուժը կորցրել է։

Դատարանը, սակայն, մերժել է պաշտպանի միջնորդությունը եւ նիստը հետաձգել:

Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ըստ մեղադրանքի, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: