չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաստաբանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է Սեդրակ Առուստամյանի գործի առնչությունը Գագիկ Խաչատրյանի հետ. խոսքը՝ 20 մլն դոլար կաշառքի մասին է

Փաստաբանը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է Սեդրակ Առուստամյանի գործի առնչությունը Գագիկ Խաչատրյանի հետ. խոսքը՝ 20 մլն դոլար կաշառքի մասին է

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը այս օրերին պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ընդդեմ իր պաշտպանյալին կալանավորելու մասին որոշման, InfoPort.am-ին տեղեկացրեց ինքը՝ փաստաբան Սուքիասյանը։

«Սեդրակ Առուստամյանը չի ընդունում մեղադրանքը և բացի այդ, նայում ենք քրեական գործին այդտեղ իրավաբանություն չկա», - մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը։

Փաստաբանի ներկայացմամբ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է 20 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու և փողերի լվացման համար և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառվեց երկամսյա կալանքը։ Ապրիլի 25-ին Առուստամյանը կալանավորվել էր։

Հովիկ Սուքիասյանի խոսքով, քրեական գործի շրջանակներում Առուստամյանին առաջադրված մեղադրանքը նրա հետ որևէ առնչություն չունի և 10 տարվա վաղեմության գործողությունների մասին է խոսքը։

«Նախաքննության շրջանակներում պարտավորվել եմ գաղտնիքներ չբացահայտել, բայց կասեմ, որ խոսքը ինչ-որ փոխառության մասին է։ Ըստ էության պայմանագրով փոխառության գումար է տվել Առուստամյանը սրանից տասը տարի առաջ, տոկոսները չի ստացել, հիմա մարդուն ասում են, ինչու չես ստացել տոկոսները։ Ասում են՝ ուրեմն դու կաշառք ես տվել, որ չես ստացել այդ տոկոսները։ Այդ փոխառության պայմանագիրը պահպանվում է մինչև հիմա, իրավական ուժ, արժեք ունի, մյուս կողմը չի հրաժարվում, որ գումարը տալու է», - ներկայացրեց Սուքիասյանը: Հարցին, թե ով է մյուս կողմը, փաստաբանը հրաժարվեց բացահայտել։

Դիտարկմանը, թե մեր տեղեկություններով Առուստամյանին առաջադրված այս մեղադրանքը առնչվում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործին, և հարցին՝ ճի՞շտ են այդ տեղեկությունները, փաստաբանը պատասխանեց․ «Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում այդ տեղեկությունը»։

Սուքիասյանը նաև ասաց, թե չի կարող պնդել, որ այս քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի՝ հաշվի առնելով Առուստամյանի սերտ հարաբերությունները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հետ։ Բայց նաև ընդգծեց, որ նշված քրեական գործում «որևէ իրավաբանություն չկա»։

Նշենք, որ «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը կապվում է ևս 2 քրեական գործերի հետ։ Մեկն առնչվում է Երևանի կենտրոնում ընկերության ձեռնարկած շինարարությանը՝ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։ Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։

Մյուս քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավ ճանապարհի» շինարարական ծրագրի հետ․ նա մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին:

  • Կիսվել: