չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաստաբանների պալատը պետք է հասկանա, որ օլիգարխիկ համակարգին պաշտպանելու համար չի ստեղծվել․ Սեդա Սաֆարյան

Փաստաբանների պալատը պետք է հասկանա, որ օլիգարխիկ համակարգին պաշտպանելու համար չի ստեղծվել․ Սեդա Սաֆարյան

Փաստաբան Սեդա Սաֆարյանը անհասկանալի է համարում Փաստաբանների պալատի չեզոք վարքագիծը՝ իր հարազատների նկատմամբ երկու օր առաջ կիրառված բռնությունների հարցում։ «Փաստաբանների պալատը պետք է հասկանա, որ օլիգարխիկ համակարգի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների իրավունքները պաշտպանելու համար չի ստեղծվել։

Մեր՝ փաստաբանական համայնքում էլ շատ խնդիրներ կան, ու թավիշ պետք է լինի ոչ միան իրավապահ համակարգում այլ նաև փաստաբանական համայնքում», -այսօր Մեդիա կենտրոնի կազմակերպած հեռավար ասուլիսում հայտարարեց փաստաբան Սաֆարյանը։

Նրա խոսքով, տարօրիանկ է, որ 2000-ից ավելի փաստաբան այժմ լուռումունջ է ու որևէ դիրքորոշում չի հայտնում կատարվածի վերաբերյալ։ «Իմ մոտ տպավորություն է, որ ես առնչվում եմ 2008-ի մարտի 1-ի ժամանակների փաստաբանների պալատի հետ։ Շատ զարմանալի է»,-հայտարարեց փաստաբանը։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին գիշերը ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում Երևանի Մուշ Թաղամասում ծեծել են Սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ դատախազի հանձնարարությամբ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Նաև հայտնել էր, որ նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։

Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։ Նշենք, որ Սեդա Սաֆարյանը մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչն է։

  • Կիսվել: