չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Պարզվել է՝ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումներն իրականացվում են կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով

Պարզվել է՝ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումներն իրականացվում են կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով

Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումները և վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում է կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող՝ Հայաստանում գործող անձանց միջոցով: Այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների վերաբերյալ խորհրդարանական լսումներում:

2023 թվականի ընթացքում Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2021-2022 թվականների ընթացքում համակարգչային տեխնիկայի, սոցիալական կայքերի և հեռահաղորդակցման հավելվածների օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի և ածանցյալների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթների նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակը:

«Քրեական վարույթների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ իրացվող թմրամիջոցի դիմաց վճարումները և վճարված թվային արժույթի հետագա տնօրինումն իրականացվում է կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող անձանց միջոցով: Ընդ որում, վերջիններս, առանձին դեպքերում տեղեկացված լինելով իրենց միջոցով շրջանառված կրիպտոարժույթների հանցավոր ծագման մասին, անմիջական մասնակցություն են ունենում դրանց օրինականացմանը»,-ասաց գլխավոր դատախազը: 

2023 թվականի հուլիսի 14-ին գլխավոր դատախազի տեղակալի կողմից Դատախազության տարածքային և այլ ստորաբաժանումներին հանձնարարվել է նշված դեպքերով քննության առարկա դարձնել թմրամիջոցների դիմաց վճարում ստանալու համար տրամադրված և դրա հետ փոխկապակցված կրիպտոարժույթի հաշվեհամարներին փոխանցված գումարի չափը, դրա հետագա շարժն ու տնօրինման եղանակը, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջև կապերի բնույթը՝ ստուգելով հանցավոր ճանապարհով ստացված, այլ կերպ՝ լցված գույքի օրինականացման վարկածը և դրա արդյունքներով լուծել փողերի լվացման հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու հարցը:

Վարդապետյանի խոսքով՝ Գլխավոր դատախազության կողմից Ներքին գործերի նախարարությանը հասցեագրված՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի գրությամբ առաջարկվել է խստացնել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարի գործիքակազմը, մասնավորապես՝ դիտարկել իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվություն նախատեսող՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասում հանցակազմը ծանրացնող նոր հատկանիշ նախատեսելու հնարավորությունը, այն է՝ արարքի կատարումը տեղեկատվական կամ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների՝ ներառյալ համացանցի օգտագործմամբ։

 

  • Կիսվել: