շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարեկային ծառայությունը կբարելավվի․ ԿԳՄՍ-ն կրթական չափորոշիչներ է սահմանել

Պարեկային ծառայությունը կբարելավվի․ ԿԳՄՍ-ն կրթական չափորոշիչներ է սահմանել

Հանրապետության վերջին 4 մարզերում պարեկային ծառայության ներդրմանն ընդառաջ Ոստիկանության բարեփոխումները համակարգող աշխատանքային խմբի շրջանակներում խնդիր էր դրվել նախորդ 3 ակադեմիաների, պարեկային ծառայողների պրակտիկ գործունեության արդյունքների հաշվառմամբ կատարելագործել «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը, որով ապագա պարեկները պետք է 5-ամսյա կրթական խողովակով անցնեն։

Միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ բարձր համագործակցության արդյունքում մշակվել էր «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչի վերանայված տարբերակը, որը հաստատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։

Չափորոշիչում կատարված փոփոխությունները բխում են պարեկային ծառայության համար սահմանված ուսումնական գործընթացին ներկայացվող պահանջներից և կնպաստեն հետագա ծառայության ընթացքում գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը։

Փոփոխություններն ու լրացումներն ուղղված են պարեկային ծառայության ընթացքում առաջացած խնդիրների՝ ուսումնական գործընթացի բարելավման ճանապարհով հաղթահարմանը։

Նշենք նաև, որ նախնական մասնագիտական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշչի հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունները, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլները, ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական առարկաները հնարավորություն են տալիս ապագա մասնագետների մոտ ձևավորել անհրաժեշտ կարողություններ և հմտություններ` մասնագիտական գործունեություն իրականացնելու համար:

  • Կիսվել: